ԱԶԲ-ն աղետների ռիսկի կառավարման ոլորտում աջակցում է ՆԳՆ-ին. քննարկվել են ծրագրի հիմնական ուղղությունները

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


 

Քննարկվել են Բանկի կողմից հաստատված «Աջակցություն ԱԶԲ աղետների ռիսկի կառավարման 2024-2030 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը» տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվող առաջնահերթ ուղղությունները։ Ծրագրի նպատակը Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը, տվյալների հավաքագրմանը, աղետների ռիսկի գնահատմանը և տեխնոլոգիական համակարգերի ամրապնդմանը, ինչպես նաև սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացմանն աջակցելն է:


 

Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Հստակեցնելով ՆԳ նախարարության մանդատը՝ որպես ոլորտի քաղաքականություն մշակող և համակարգող դերակատարում ունեցող պետական կառավարման համակարգի մարմին, փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Կարևորվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի ընդունումը և նշվել է, որ նախարարությունն իր մանդատի շրջանակում համակարգում է ավելի քան 40 ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացը:


 

Քննարկման առանցքային ուղղություններից էր նաև աղետների ռիսկի վերաբերյալ տվյալների շտեմարանների ձևավորումը, ինչը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմիններից և մասնավոր հատվածից դեպի պետական կառավարման համակարգի մարմիններ տվյալների արդյունավետ հավաքագրմանն ու կառավարմանը։


 

Արմեն Մկրտչյանը կարևորել է տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, GIS համակարգերի ներդրումը, կրթական և վերապատրաստման ծրագրերի, միջազգային լավագույն փորձի կիրառումը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման ուղղություններով համագործակցության ամրապնդումը:

 


Բանկի ներկայացուցիչները ողջունել են աղետների ռիսկի կառավարման ուղղությամբ Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները։


 

Կողմերը պայմանավորվել են շարունակել և ընդլայնել համագործակցությունը: