ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն իր ելույթում ընդգծել է, որ ՄԱԿ Կանոնադրության ընդունմամբ անդամ երկրները ստանձնել են հավաքական պատասխանատվություն՝ պահպանել օրենքի գերակայության սկզբունքը՝ որպես հիմնաքար նոր աշխարհակարգի համար: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը:
«Առաջնորդվելով Կանոնադրության նպատակներով և միջազգային իրավունքի սկզբունքներով՝ ՄԱԿ-ը կենտրոնական հարթակ է դարձել բազմակողմ դիվանագիտության, հակամարտությունների հանգուցալուծման, մարդու իրավունքների պաշտպանության, կայուն զարգացման նպատակների առաջընթացի և միջազգային իրավունքի կոդիֆիակացիայի համար:
Չնայած տասնամյակների ընթացքում արձանագրված նշանակալի առաջընթացին, համաշխարհային գործընթացները մշտապես չեն ուղեկցվել Կանոնադրության գաղափարներով: Միջազգային իրավունքի անհամար խախտումները, իրավական պարտավորությունների հանդեպ ընտրովի մոտեցումը, ուժի քաղաքականության շարունակականությունը նսեմացրել են օրենքի գերակայության սկզբունքի հանդեպ վստահությունը:
ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ: