Վիզաների ազատականացման շուրջ արձանագրվել է զգալի առաջընթաց. վարչապետն ու ԵՄ հանձնակատարը հանդիպում են ունեցել

Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:


Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:


Կողմերն անդրադարձել են առաջիկա անելիքներին և համագործակցության խորացման հեռանկարներին՝ շեշտելով, որ վերջին տարիներին Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել:


Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրման հարցում: