Կձեռնարկենք մի շարք գործողություններ՝ ապահովելու, որ Գլոբալ վերանայումը բերի իրական և չափելի արդյունքներ. ՇՄ նախարար

Աբու Դաբիում անցկացվող Միջազգային բնապահպանական բիության (#IUCN) համաժողովի շրջանակում ՇՄ նախարարը մասնակցել է Ֆրանսիայի կառավարության նախաձեռնած «Գլոբալ վերանայման արդյունավետության բարձրացում և ներգրավվածության խորացում» խորագրով միջոցառմանը և հանդես է եկել ելույթով։

 


«Իմ խոսքում կարևորեցի Գլոբալ վերանայման գործընթացը՝ որպես Կունմին-Մոնրեալի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային ծրագրի (#KMGBF) իրագործման առանցքային մեխանիզմ։ Ընդգծեցի, որ 2026 թվականին Երևանում կայանալիք COP17 համաժողովը դառնալու է շրջադարձային պահ՝ բնության պահպանության ոլորտում միջազգային ջանքերի համախմբման և գործողությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։


 

Հայաստանը, ստանձնելով COP17-ի հյուրընկալ երկրի պատասխանատվությունը, առաջնորդվելու է ներառականության, թափանցիկության, բարձր հավակնության և իրական գործողությունների արժեքներով։ Մեր նպատակն է միավորել կառավարություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, կանանց ու երիտասարդներին, քաղաքներն ու մարզերը, գիտնականներին և ֆինանսական կառույցներին՝ մեկ համաշխարհային համայնք ձևավորելու նպատակով։


 

Գլոբալ վերանայումը հանդիսանում է միջանկյալ փուլ #KMGBF-ի 2030 թվականի նպատակների իրագործման ճանապարհին։ 2026 թվականի գնահատումը կարևոր հնարավորություն է՝ գնահատելու համատեղ առաջընթացը, բացահայտելու բացերն ու հստակեցնելու քաղաքական, համագործակցային և ֆինանսական ուղղությունները։


 

Կոչ արեցի բոլոր կողմերին հնարավորինս շուտ ներկայացնել իրենց յոթերորդ ազգային զեկույցներն ու վերանայված կենսաբազմազանության ազգային ռազմավարությունները՝ ապահովելու ժամանակին և արդյունավետ գործընթաց։

 


Մենք կձեռնարկենք մի շարք գործողություններ՝ ապահովելու, որ Գլոբալ վերանայումը բերի իրական և չափելի արդյունքներ։ Դրանք ներառելու են կամավոր գործընկերային մեխանիզմներ՝ փորձի փոխանակման, բնությանն ուղղված ֆինանսական հոսքերի ընդլայնման և հաշվետվողականության բարձրացման նպատակով։


 

Հայաստանը՝ որպես համաժողովի հաջորդ նախագահող երկիր, նախատեսում է կազմակերպել տարածաշրջանային երկխոսություններ, տեխնիկական խորհրդակցություններ և նախակոնֆերանսային հանդիպումներ Երևանում՝ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմամբ»,- գրել է նախարարը։