«Պատիվ ունեմ»-ը ՍԴ-ում 9 թեզ ներկայացրեց. կուսակցությունից պնդում են՝ դրանք արմատական խախտումներ են․ armtimes.com
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը Սահմանադրական դատարանում շարունակվում է:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը  9 թեզ է ներկայացրել  արտահերթ խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ՝ նշելով,  որ կուսակցությունում համոզված են՝ դրանք արմատական խախտումներ են, գրում է armtimes.com-ը։
«Ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում, երկակի հարված կարող են հասցնել մեր պետականությանը»,- ասել է  Հարությունյանը։

Նրա ներկայացրած 9 թեզերը հրապարակում ենք ստորև.
  1.  ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիք, հոգեբանական ահաբեկում ու նվաստացում, ազատ ընտրության սկզբունքի էության կոպիտ ոտնահարում,
  2. նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը, լինելով հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը,
  3. Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններում արձանագրվածը հաստատում է ազատության իրավունքի խախտման փաստը,
  4. օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ Փաշինյանի խոսքը պարունակել է բռնության կիրառման սպառնալիքներ և որ այդ սպառնալիքները շարունակական բնույթ են կրել,
  5. Փաշինյանի կողմից հնչեցրած սպառնալիքները ոչ միայն ընկալվել են որպես իրական, այլ փաստացի իրական բնույթ են կրել,
  6. իրավապահ համակարգի գործողությունները և անգործությունը լրացուցիչ վնաս են հասցրել ազատ ընտրության իրավունքին,
  7. ազատ ընտրության իրավունքի խախտումները ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտորեն առկա են ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքերը,
  8. Հանրային հեռուստատեսության լուսաբանման խտրական պայմանները խախտել են հավասար ընտրության սկզբունքը,  
  9. Փաշինյանն ապօրինաբար է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը, ուստի վարչական ռեսուրսի օգտագործման այն մասը, որը օրենքով համարվում է օրինական, իրականում ապօրինի էր։
Դավիթ Հարությունյանը յուրաքանչյուր թեզի մասով ներկայացրեց իրենց հիմնավորումները և գնահատականները։
Հիշեցնենք, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկում  է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին: