Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի պատվիրակությունը հյուրընկալվել է ՆԳ նախարարությունում

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի Եվրոպայի և Ասիայի բաժնի ղեկավարի տեղակալ Անթյե Ֆրիցի գլխավորած պատվիրակությանը։

 


Փոխնախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ձևավորված գործընկերային հարաբերությունները և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել:

 


Ներկայացնելով ՆԳ նախարարության հիմնական առաջնահերթությունները՝ փոխնախարարն անդրադարձել է կարողությունների զարգացմանը, վիզաների ազատականացման գործընթացին և ոլորտային բարեփոխումներին։

Կողմերն անդրադարձ են կատարել փորձագիտական և ուսումնական այցերի կազմակերպմանը՝ ընդգծելով միջազգային լավագույն փորձի կիրառումն ու կարողությունների շարունակական զարգացումը։

 

Անթյե Ֆրիցը նշել է, որ Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնը պատրաստ է շարունակելու աջակցությունը մասնավորապես՝ ոլորտային վերապատրաստումների, ռազմավարական պլանավորման կարողությունների և մարդկային ռեսուրսների զարգացման ուղղություններով։


 

Քննարկվել են ՆԳ նախարարությունում ժամանակակից կազմակերպչական մոնիթորինգի, վերահսկողության մեխանիզմների ներդրման, ուժի կիրառման կառավարման և մի շարք այլ հարցեր:


 

Մինչ այդ, հոկտեմբերի 7-ին Ոստիկանությունը կազմակերպել էր ուժի կիրառման կառավարման վերաբերյալ աշխատաժողով, որի ընթացքում ներկայացվել են ուժի կիրառման միջազգային քաղաքականությունն ու պրակտիկան, մոտեցումների մշակումն ու Էստոնիայի փորձը։


 

ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները ծանոթացել են Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի մշակած «Ուժի կիրառման կառավարում․ ոստիկանության ինքնագնահատման ուղեցույցին», որի նպատակն ուժի կիրառման հետ կապված կառավարման ընթացակարգերի գնահատմանն աջակցելն է:



Ներկայացվել է նաև ուղեցույցի մեթոդաբանությունը, ինքնագնահատման մոդուլներն ու գործողությունների ծրագրի շրջանակները։