ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act օրինագծին. պատռվեց «հայրենասիրական» դիմակը. Դանագուլյան

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը «Ֆեյսբուքի» էջում գրել է. 


«Եթե ինձ մեկ շաբաթ առաջ ասեին որ ՀՅԴ-ն  դեմ է հանդիսանալու Ալիևի դեմ սանկցիաներին,  ապա ես ուղղակի չէի հավատա:  Կասեի` դա համարյա հավասարազոր է  դավաճանությանը:  Կասեի` դաշնակները բավականաչափ խելք ունեն որ այդպիսի բան չանեն: Բայց ես միամիտ էի:  


Ըստ ՀՅԴ-ի բարձրախոս հանդիսացող ANCA կազմակերպության հայտարարությանը`  ՀՅԴ-ն դեմ է Ադրբեջանի վերնախավի դեմ պատժամիջոցներ սահմանող PEACE Act  օրինագծին:  Ինչու՞:  Որովհետև օրինագիծը «նեղորեն» ("narrowly"), այսինքն «ընդամենը» զսպում է Ադրբեջանի ագրեսսիան` Հայաստանի դեմ:


Այսինքն այն «ընդամենը» խոչընդոտում է Սյունիքի կորստին:


Այսինքն այն «ընդամենը» պաշտպանում է սահմանին ծառայող 40000+ երիտասարների կյանքերը:


Ընդամենը:  Նեղորեն:


Ըստ ՀՅԴ-ի խղճուկ արդարացման, վերը բերված «մանրուքներից» այն կողմ օրինագիծը չի հասցեագրում Ադրբեջանի հանցագործությունները Արցախի և Հայաստանի դեմ:  Այո, PEACE Act-ը իսկապես դա չի անում...այն չի լուծում Հայաստանի բոլոր պռոբլեմները:  Բայց ինչպե՞ս կարող է դա պատճառ հանդիսանալ  սանկցիաներին դեմ լինելու համար:


Նայեք, ես լրիվ կարող եմ հասկանալ մարդկանց վերապահումները` օգոստոսի 8-ի համաձայնագրի կապակցությամբ:  Բայց այստեղ խոսքը արդեն գնում է Ալիևի դեմ սանկցիաների մասին:  Երբ  ՀՅԴ-ն զոհաբերում է ՀՀ անվտանգության հարցը  հանուն իր նեղ կուսակցական շահերի, ապա այն հերթական անգամ ինքն իր ձեռքով պատռում է իր «հայրենասիրական» դիմակը: Ու ցույց տալիս թե ինչպիսի խղճուկ աղանդի է վերածվել այս երբեմնի առաջադեմ հեղափոխական կուսակցությունը»: