Մեծ Բրիտանիան լիովին վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի համար զենքի մատակարարման էմբարգոն

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում հրապարակվել է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետական ​​նախարար Սթիվեն Դաութիի գրավոր հայտարարությունը Հայաստանին և Ադրբեջանին սպառազինության մատակարարման էմբարգոյի վերացման վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է. «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հարավային Կովկասում տեղի ունեցած նշանակալի իրադարձությունների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացին Մեծ Բրիտանիայի արձագանքի մասին։


Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ եռակողմ գագաթնաժողով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Արդյունքում նախաստորագրվեց խաղաղության պայմանագիր և ստորագրվեց հռչակագիր։


Փաստաթղթերում ներառված են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման կոչ և պարտավորություն՝ ապահովելու Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը՝ պայմանով, որ հարգվի Հայաստանի ինքնիշխանությունը։


Մեծ Բրիտանիան ողջունում է ձեռք բերված առաջընթացը։ Սա կարևոր քայլ է դեպի խաղաղություն և կայունություն։


Այս կապակցությամբ մենք մեր հարաբերությունների մակարդակը Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնում ենք մինչև ռազմավարական գործընկերություն՝ առևտրի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։


Օգոստոսի 24-ից 26-ը ես այցելեցի երկու երկրներ՝ հաստատելու աջակցությունը և քննարկելու գործնական քայլերը։


Մենք աջակցել ենք Մինսկի խմբի լուծարմանը։ Հաշվի առնելով ձեռք բերված առաջընթացը՝ մենք կարծում ենք, որ 1992 թվականի ԵԱՀԿ զենքի էմբարգոն կորցրել է արդիականությունը։ Մեծ Բրիտանիան լիովին վերացնում է Հայաստանի և Ադրբեջանի համար զենքի մատակարարման էմբարգոն։ Սա կնպաստի անվտանգության ոլորտում համագործակցության զարգացմանը և կպաշտպանի այս երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ներառյալ հիբրիդային սպառնալիքներին պատասխան միջոցները։ Արտահանման լիցենզիաները կքննարկվեն անհատապես՝ խիստ չափանիշների հիման վրա։


Մենք կհետևենք տարածաշրջանում իրավիճակին։ Հուսով ենք, որ սա կհանգեցնի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման։ Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերների հետ՝ այս փոփոխություններին և տարածաշրջանային կայունությանը աջակցելու համար»։