Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ 2026 թվականի ընտրությունների ընթացքը կարող է նման լինել Գյումրու ընտրություններին, բայց արդյունքը՝ ոչ: «Նախ Գյումրին ունի իր առանձնահատկությունը՝ կապված ռուսական ռազմաբազայի այնտեղ գտնվելու հետ, բացի դրանից՝ ՏԻՄ ընտրություններն ու համապետական ընտրություններն ունեն օրենսդրական տարբերություններ։ Օրինակ՝ երեք կուսակցությունից ավելի Սահմանադրությունը թույլ չի տալիս կոալիցիա կազմել։ Ես դաշտում չեմ տեսնում մի քանի կուսակցություն, որոնք կարող են միավորվել և շեմը հաղթահարել ու միասին 50+1 տոկոս ձայն ստանալ, եթե այդտեղ չկա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Ղևոնդյանի՝ ՔՊ-ի համար ևս
դժվար է լինելու ստանալ այդքան տոկոս, ուստի ընտրությունները կարող են նման լինել
1999 թվականի ընտրություններին։
Մեր զրուցակիցը կարծում է, որ
այսօրվա դրությամբ ամենահավանական տարբերակը երկրորդ փուլն է։
Նրա դիտարկմամբ՝ արմատական ընդդիմությունն
առաջարկում է փոխել ոչ միայն Հայաստանի զարգացման, այլ նաև գոյության տրամաբանությունը. «Նրանք առաջարկում են լինել Ռուսաստանի բևեռի մաս և աշխարհի հետ
այդպես հարաբերվել՝ ինչպես եղել է նախքան 2018 թվականի հեղափոխությունը։ Խնդիրն այն
չէ, թե նրանք ինչ դիրքորոշում կունենան Թրամփի ուղու ու այլ հարցերի վերաբերյալ, այլ
այն, որ իրենց իշխանության գալու դեպքում որոշումների կայացումը Երևանից տեղափոխվելու
է Մոսկվա»։
Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ ընդդիմադիր
դաշտում այս պահին կատաղի պայքար է դիրքավորման
համար: «Ինչո՞ւ են տարբեր
թևերով մասնակցում, ոչ թե միավորվում, որովհետև պայքարը նաև մեկը մյուսի հանդեպ առավելություն ունենալու համար
է։ Պայքարը նրա համար է, որ մի կողմն ավելի շատ ձայն ունենա, քան մյուսը, որ միավորվելու
պարագայում միավորվեն հենց իր շուրջը։ Պայքար
է գնում ընդդիմադիրների շարքում առաջինը լինելու համար, ու հունիսի 8-ին այդ պայքարն
ավարտված կլինի»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում