Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կհյուրընկալվի Իռլանդիային, որին Երևանում հաղթել էր 2:1 հաշվով։
Հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Հայաստանում Իռլանդիայի ընտրանուն հաղթելը չի նշանակում, թե Իռլանդիայում նույն կերպ կխաղան։
«Պատրաստվել ենք հոգեբանորեն, գիտենք, որ այստեղ մեզ համար շատ դժվար է լինելու։ Իռլանդիայի թիմը պարտվել է և շատ լավ հասկանում է, որ մեզ հաղթելը իր վերջին շանսերից մեկն է լինելու։ Խաղը 100 տոկոսով տարբերվելու է»,- նշել էր նա՝ ընդգծելով, որ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները այժմ նույն իրավիճակում են, քանի որ վերջին խաղերում պարտվել են։
«Ե՛վ մենք ենք հասկանում, և՛ մրցակիցն է հասկանում, որ այդ երեք միավորը շատ կարևոր է։ Դրա համար էլ վաղը իսկական պատերազմ կտեսնենք»,- ասել էր Մելիքյանը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է նաև հավաքականի մեկնարկային կազմն Իռլանդիայի դեմ խաղում։