Արագածոտնում խոշոր վթար է եղել. մեքենաներից դուրս են բերվել 2 մահացածների մարմինները. կա վիրավոր

Հոկտեմբերի 8-ին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:


Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 72 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան զոհեր:


 
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խ. Մանուկյանի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը և Վայոց ձորի մարզի բնակիչ 18-ամյա Ն. Գյուլնազարյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները: 



 
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, «ԶԻԼ»-ն էլ, որը բարձված է եղել տուֆ քարով, կողաշրջվել է, և քարերի մի մասը թափվել է: 


 
Վթարի հետևանքով «ԶԻԼ»-ի վարորդ Խ. Մանուկյանն ու «Մերսեդես»-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Ն. Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Ն. Գյուլնազարյանը տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը: 



Փրկարարներից ավելի քանի 3 ժամ է պահանջվել, մինչև որ հատուկ տեխնիկաների միջոցով «Մերսեդես»-ի մահացած ուղևորին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ «ԶԻԼ»-ի վարորդին՝ իր ավտոմեքենայի տակից: 



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 


 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: