Սպիտակի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը շահագործման է հանձնվել

Սպիտակ համայնքի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետը` վերանորոգված ու վերազինված, հոկտեմբերի 10-ին շահագործման է հանձնվել. 2021 թվականին հիմնադրված հենակետը վերանորոգվել է Volfire ծրագիրի շրջանակում՝ Ավստրիական Զարգացման գործակալության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսավորմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


Մեծ Պառնիում տեղակայված կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի բացման արարողությանը ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան, Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիական Զարգացման գործակալության, Հայկական Կարմիր խաչի, մարզային և համայնքային իշխանությունների ու հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ։


Հենակետի  վերազինման գործում ակտիվ մասնակցություն է ունեցել  ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ համայնքին նվիրելով հրշեջ ավտոմեքենա, ինչպես նաև կազմակերպել  է կամավորների վերապատրաստում և որակավորման քննություններ։ Աջակցություն են ցուցաբերել նաև Լոռու մարզապետարանը, Սպիտակի համայնքապետարանն ու  Հայկական Կարմիր խաչը։


Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը  շնորհակալություն հայտնելով կամավորներին և հենակետի վերնորոգման, վերազինման գործում իրենց ներդրումն ունեցող կառույցների ներկայացուցիչներին՝ ընդգծել է կամավորական մշակույթի զարգացման ուղղությամբ գործնական քայլերը։


Ավստրիական Կարմիր խաչի ծրագրի ղեկավար Թիերի Ժերարը, շնորհավորելով  հենակետի կամավորներին, նշել է, որ ավստրիական ընկերությունն այս կերպ  աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքին։


ՆԳՆ Փրկարար ծառայության ներկայացուցիչները որակավորված կամավորներին հանձնել են կրծքանշաններ: 



Փրկարարի որակավորմանն արժանացած կամավորները վարժանքի միջոցով ցուցադրել են ճգնաժամային իրավիճակներում մասնագիտական հմտությունները։


Համայնքներում կամավորական հրշեջ-փրկարարական  ինստիտուտի ներդրումը բնակչության անվտանգության ապահովման, ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման համատեքստում կարևոր քայլ է։