«TRIPP-ը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար». Ալիևը՝ ԵԱՀԿ գործող նախագահին

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:


Շնորհավորելով Իլհամ Ալիևին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ՝ Էլինա Վալտոնենը նշել է դրանց կարևորությունը ԵԱՀԿ տարածքում խաղաղության և կայունության վերականգնման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության համար։ Նա հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների գործունեությունը, Ադրբեջանի և Հայաստանի դիմումի հիման վրա, կդադարեցվի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։


Ալիևն ընդգծել է, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ, պայմաններ են ստեղծում խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։


Իլհամ Ալիևը անդրադարձել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity- Թրամփի երթուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) նախագծի կարևորությանը, որի իրականացման համար Հայաստանը պարտավորություն է ստանձնել Վաշինգտոնում, և նշել է, որ այն օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։