Դատախազությունը ընտրական հանցագորությունների վերաբերյալ 861 հաղորդում է ուսումնասիրել․ Սևակ Հովհաննիսյան
Սահմանադրական դատարանն այսօր՝ հուլիսի 12-ին, շարունակում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը:  

Դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը նշեց. «Ընտրությունների կապակցությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ գլխավոր դատախազի գլխավորությամբ: Լրատվամիջոցների և սոցցանցերի հրապարակումներից առերևույթ ընտրական բնույթի հատկանիշներ պարունակող 375 հաղորդումները, նյութեր նախապատրաստելու նպատակով, ուղարկվել են ոստիկանության, ՔԿ տարածքային բաժիններ, ռազմական ոստիկանություն և ՀՔԾ»:

Նրա խոսքով՝ թեժ գծով ստացվել են 486 ահազանգեր. «Ընդհանուր 861 հաղորդումներից 358-ը վերաբերել են մինչև քվեարկության օրվան և հատկապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածին, իսկ 503-ը՝ քվեարկության օրվան»: 

«Բարձր դատարան, 60 գործով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 26-ը՝ ընտրակաշառք տալու, ստանալու, 8-ը՝ նախընտրական պաստառների վնասման, 4-ը՝ նախընտրական քարոզչությանը մասնակցելու կամ չմասնակցելու, 4-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, 4-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, 3-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու: Քրեական հետապնդում է հայտարարվել 66 անձի նկատմամբ: Հետախուզում է հայտարարվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկը պատգամավորության թեկնածու է»:

Ինչ վերաբերում է դիմումատուների կողմից կատարված շեշտադրմանը, թե մեկ քաղաքական ուժի ղեկավարը քարոզարշավի ժամանակ սպառնալիքներ է հնչեցրել, Կարեն Բիշարյանն ասաց. «Միջազգային չափանիշները պետք է հաշվի առնել՝ գնահատելու համար, թե արտահայտված խոսքը արդյոք գտնվո՞ւմ է ազատ խոսքի պաշտպանության տիրույթում, այն քաղաքական խո՞սք է, թե՞ ոչ:

Դիմումատուները շռայլորեն օգտագործել են «բռնության կոչ» եզրույթը: Բայց գոյություն ունի մի պարզ բացատրություն. ցանկացած բռնություն հարկադրանք է, սակայն ցանկացած հարկադրանք չէ, որ բռնություն է: Եթե խոսք է հնչեցվում օրինական հարկադրանքի մասին, այդ պարագայում խոսք չի կարող լինել բռնության մասին: ՔՊ ղեկավարի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում կարմիր թելի նման անցել է հետևյալ գաղափարը, որ մուրճի ցուցադրումը սիմվոլ է, և այդ ամենը հետապնդում է օրենքի դիկտատուրա հաստատելու նպատակ: Բարձր դատարան, կարծում եմ, որ ակներև է, որ խոսքի համատեքստը ամենևին էլ բռնությանը չի վերաբերում»: