Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր

Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։ 


Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էրդողանին վերջերս կայացած Կուրբան Բայրամի տոնի կապակցությամբ։ Քննարկվել են նաև Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանային հարցեր։


Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորումը շարունակվում է՝ ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ քայլերով։ Նա ընդգծել է, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության և միշտ կաջակցի այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։


ՀՀ կառավարությունից տեղեկացրել են, որ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։ Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։


«Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար»,- ասվում է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում։