«Ինձ համար շատ մտահոգիչ են պլաստիկ վիրաբուժության ոլորտում վերջերս հաճախակիացած անհաջող ելքերով դեպքերը»:
Հանդիպելով պլաստիկ վիրաբուժական կենտրոնների ներկայացուցիչների, պլաստիկ վիրաբուժության ամբիոնների ներկայացուցիչների և «Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահի հետ՝ այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հանդիպման նպատակն էր նախ հասկանալ՝ ինչի կարիք ունեն պլաստիկ վիրաբույժներն ու այս կենտրոնները, լսել մասնագետների դիտարկումները, որպեսզի արվի հնարավոր ամենը՝ նվազագույնի հասցնելու այս ոլորտում գրանցվող անհաջող ելքերով դեպքերը:
Նախարարը նկատել է՝ ոլորտը դինամիկ զարգանում է, սակայն մեկ-երկու դեպքը խաթարում է ամբողջ ձեռք բերվածն ու ստվեր թողնում ոլորտի վրա:
Պլաստիկ վիրաբուժության գծով ԱՆ խորհրդատու, «Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի» նախագահ Աննա Սարգսյանը ներկայացրել է օրակարգային խնդիրները, առողջապահության նախարարության ստացած բողոքների ու վերջին 2 տարում գրանցված հետվիրահատական բարդությունների դեպքերի հիման վրա արված մասնագիտական վերլուծությունները:
Իրավական դաշտը կարգավորելու համար այս պահին մշակվում են նոր ուղեցույցներ, նաև խստացվում է լիցենզիա ստանալու կարգը:
Հարակից մասնագիտացում ունեցող բժիշկների համար պարտադիր կդառնա նեղ մասնագիտական օրդինատուրան:
Մի քանի ժամ տևած հանդիպմանը մասնագետները ներկայացրել են իրենց առաջարկներն ու պատրաստակամություն հայտնել մեկտեղել ջանքերը՝ լրացնելու ոլորտի բացերը:
Նախարարի առաջարկով այս թեմայով մասնագետների ավելի լայն շրջանակով կկազմակերպվի համաժողով: