Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) արևելքում գտնվող Չժեցզյան նահանգի Հանչժոուի ոստիկանությունը սկսել է ռոբոտ-շներ կիրառել փողոցները պարեկելու համար։ Այս մասին հայտնում է չինական Global Times թերթը։
Թերթի տվյալներով՝ Չինաստանի ավելի ու ավելի շատ քաղաքներ են նման փորձարկումներ անցկացնում։ Օրինակ՝ մայիսին Շենժենում (Գուանդուն նահանգ, հարավային ՉԺՀ) ռոբոտ-շներն օգտագործվել են երկաթուղային կայարանում պարեկություն իրականացնելու համար։
«Ռոբոտ-շունը վերջերս սկսել է պարեկել Հանչժոուի Ցինբո շրջանի Նանշան փողոցը... տեղական իրավապահ մարմինների պարեկներին օգնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ներկայումս ռոբոտը դաշտային փորձարկում է անցնում։ Այն հագեցած է արհեստական բանականության «ուղեղով» և բարձր թույլատրելիության տեսախցիկով, կարող է ընկալել շրջակա միջավայրը և կայացնել «խելացի որոշումներ»։
Սարքը կարող է հայտնաբերել ապօրինի կայանում, արգելափակված ճանապարհներ և չարտոնված էլեկտրալարեր։ Խախտումներ հայտնաբերելուց հետո ռոբոտը սկսում է տեսագրել՝ որպես իրավապահ մարմինների համար ապացույց։
Ամբողջական լիցքավորմամբ ռոբոտ-շունը կարող է աշխատել 3-4 ժամ։
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ ռոբոտ-շները կօգնեն բարձրացնել արտակարգ ծառայությունների արձագանքման արագությունն ու ճշգրտությունը, քանի որ դրանք տվյալները փոխանցում են իրական ժամանակում, և ոստիկանները կկարողանան ավելի քիչ ժամանակ ծախսել առօրյա պարտականությունների վրա։ Ռոբոտ-շան «փորձաշրջանի» ավարտից հետո նրա պարեկային երթուղին և առաջադրանքների շրջանակը կընդլայնվեն։