Վարչապետն ընդունել է Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանին. Վերջինս վարչապետին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին։


Արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետ Փաշինյանին է փոխանցել նաև Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։


Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն։ Նիկոլ Փաշինյանը խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Ա Կաթողիկոսին։



Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նշել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են նաև Մատենադարանի տնօրինության հետ և ողջունել ՀՀ Կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ Կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Ա Վեհափառը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ։