Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը հոկտեմբերի 15-ին աշխատանքային այցով գտնվում էր Արմավիրի մարզի Մեծամոր, Նորապատ, Հովտաշատ համայնքներում և Արմավիր ՋՕԸ-ում:
Ջրային կոմիտեի նախագահը «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրեն Մարիաննա Շահինյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի և ոլորտային պատասխանատու մի շարք անձանց ուղեկցությամբ եղել է Նորապատում վթարված կոյուղատար համակարգի տարածքում և տեղում հետևել վերականգնման աշխատանքների ընթացքին։
Ջրային կոմիտեից տեղեկացնում են, որ այցից ժամեր անց «Վեոլիա ջուր» ընկերության ջանքերով խցանված կոյուղատարն արդեն բացվել է։
«Այցի շրջանակում Ղալամքարյանը ծանոթացել է նաև «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող, մասնավորապես, Մեծամոր և Հովտաշատ բնակավայրերով անցնող կոլեկտոդրենաժային համակարգերում կատարվող աշխատանքերին։
Ջրային կոմիտեի նախագահն այցելել է նաև Արմավիր ՋՕԸ, որտեղ ղեկավար կազմի հետ քննարկվել են ոռոգման համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացման, ջրային ռեսուրսների կայուն օգտագործման, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավման և դրանց դիմաց հավաքագրումների մակարդակի բարձրացման հնարավորությունները։
Հատուկ ուշադրություն է դարձվել ջրամատակարարման համակարգերի տեխնիկական վիճակին, ընթացիկ վերականգնման և բարելավման ծրագրերին, որոնք կհանգեցնեն ոռոգման ջրի կորուստների նվազեցման։
Ջրային կոմիտեն շարունակելու է ակտիվ և հետևողական աշխատանքը՝ ուղղված մարզերում ջրային ենթակառուցվածքների կայուն զարգացմանն ու առավել արդյունավետ շահագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։