Forbes-ը հրապարակել է 2025-ի 10 ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկը

Ամերիկյան «Forbes» պարբերականը հրապարակել է 2025 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշը։

 

Վերջին տասը տարվա ընթացքում վեցերորդ անգամ վարկանիշի առաջին տեղում է պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որի կանխատեսվող եկամուտը կազմում է 280 միլիոն դոլար։ 40-ամյա հարձակվողը 2023 թվականից խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում։ Ամռանը Ռոնալդուն երկարաձգեց պայմանագիրը մինչև 2027 թվականը։ Forbes-ի գնահատմամբ՝ 2025/26 մրցաշրջանում նա «Ալ-Նասր»-ից կստանա շուրջ 230 միլիոն դոլար՝ որպես աշխատավարձ և բոնուսներ։ Եվս 50 միլիոն դոլար հնգակի «Ոսկե գնդակի» դափնեկիրը կստանա այլ աղբյուրներից՝ ներառյալ Nike, Binance և Herbalife հովանավորներից։ Ռոնալդուն շարունակում է զարգացնել նաև իր CR7 բիզնես-բրենդը, որը ներառում է հյուրանոցներ, ֆիթնես ակումբներ և ժամացույցների արտադրություն։ Մարքեթինգային Two Circles գործակալության տվյալներով՝ Ռոնալդուն սոցիալական ցանցերում ունի ավելի քան 1 միլիարդ հետևորդ։

 

Երկրորդ տեղում է արգենտինացի Լիոնել Մեսսին՝ 130 միլիոն դոլար եկամուտով։ 38-ամյա հարձակվողը հանդես է գալիս ամերիկյան MLS լիգայի «Ինտեր Մայամի» ակումբում։ «Ոսկե գնդակի» ռեկորդային թվով հաղթողը խաղադաշտից դուրս վաստակել է 70 միլիոն դոլար։ Մեսսին ունի հովանավորային պայմանագրեր Adidas, Lay’s և Mastercard ընկերությունների հետ։ 2024 թվականին նա թողարկել է սպորտային ըմպելիք՝ Más+ by Messi անվամբ։ 2017 թվականից Մեսսին Majestic Hotel Group-ի հետ միասին ունի հյուրանոցների ցանց՝ MiM բրենդի ներքո։

 

Երրորդ տեղում է ֆրանսիացի Կարիմ Բենզեման, որի եկամուտը կազմել է 104 միլիոն դոլար։ 37-ամյա հարձակվողը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Իտտիհադ» ակումբում։ 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը խաղադաշտից դուրս վաստակել է ընդամենը 4 միլիոն դոլար, հիմնականում՝ Adidas և Assaf Perfumes բրենդերի գովազդներից իր Instagram էջում։ Բենզեման ունի շուրջ 76 միլիոն հետևորդ։

 

Ամենաերիտասարդ մասնակիցը 18-ամյա Լամին Յամալն է՝ «Բարսելոնայից», որը եզրափակում է ցուցակը 43 միլիոն դոլարով։ 15 տարեկանում Յամալը օգնեց Իսպանիայի հավաքականին հաղթել Եվրո-2024-ում, իսկ անցած մրցաշրջանում նպաստեց «Բարսելոնայի» վերադարձին Լա Լիգայի գագաթին։ Դրանից հետո ակումբը նրա հետ կնքեց պայմանագիր մինչև 2031 թվականը։ Դաշտից դուրս Յամալը վաստակել է 10 միլիոն դոլար, իսկ օգտատերերի ակտիվությամբ նրա սոցիալական ցանցերը երբեմն գերազանցում են նույնիսկ Ռոնալդուի ցուցանիշները։ Նրա հովանավորների թվում են Beats by Dre, Adidas, Konami և Powerade։

 

Այս մրցաշրջանում աշխարհի տասն ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները միասին կվաստակեն 945 միլիոն դոլար, ինչը 4%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ Պատճառը այն է, որ նախկինում լավագույն եռյակում եղած Նեյմարը դուրս է մնացել վարկանիշից՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ»-ից տեղափոխվելով բրազիլական «Սանթոս»։ Այժմ նրա եկամուտը կազմում է 38 միլիոն դոլար։

 

Forbes-ի ամբողջական վարկանիշը՝


  1. Կրիշտիանու Ռոնալդու («Ալ-Նասր») — $280 մլն
  2. Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի») — $130 մլն
  3. Կարիմ Բենզեմա («Ալ-Իտտիհադ») — $104 մլն
  4. Կիլիան Մբապե («Ռեալ») — $95 մլն
  5. Էրլինգ Հոլանդ («Մանչեսթեր Սիթի») — $80 մլն
  6. Վինիսիուս («Ռեալ») — $60 մլն
  7. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») — $55 մլն
  8. Սադիո Մանե («Ալ-Նասր») — $54 մլն
  9. Ջուդ Բելինգհեմ («Ռեալ») — $44 մլն
  10. Լամին Յամալ («Բարսելոնա») — $43 մլն