Միլիարդատերերն ու տեխնոլոգիական ընկերությունների տնօրենները տարբեր կարծիքներ են արտահայտել մարդու ապագայի մասին՝ արհեստական բանականության զարգացման համատեքստում։ Ոմանք կարծում են, որ այն կվերացնի բոլոր աշխատատեղերը և կդառնա մարդկային քաղաքակրթության վախճանի պատճառը, մինչդեռ մյուսները հույս ունեն, որ այն կարող է ստեղծել ուտոպիական աշխարհ։ Ջեֆ Բեզոսը երկրորդ տեսակետի կողմնակից է։
«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է այժմ ապրող որևէ մեկը հուսահատվել», – նշել է Amazon-ի և Blue Origin-ի հիմնադիրը՝ «Իտալիայի տեխնոլոգիական շաբաթ 2025»-ի բեմում, ասելով, որ տեխնոլոգիաների զարգացումը ապագայում հսկայական հնարավորություններ է բացում։
Բեզոսը չի կարողանում հասկանալ այն բացասական տրամադրությունները, որոնք տարածվել են ChatGPT-ի տարածումից հետո։ Նա վստահ է, որ մարդկության բարեկեցությունը զարգանում է մեր գյուտերով։
«Հազարավոր տարիներ առաջ, երբ առաջին անգամ հորինվեց արորը, մարդկությունը դարձավ ավելի հարուստ»:
Ըստ նրա, այս օրինաչափությունը շարունակվելու է՝ նոր գործիքներն ընդլայնելու են մեր հնարավորություններն ու բարեկեցությունը։
Amazon-ի հիմնադիրը կարծում է, որ ոչ ոք չի վայելում աշխատանքին անձնուրաց նվիրվածությունը, և 2045 թվականին մենք կտեսնենք ռոբոտներ, որոնք այդ ամենը կկատարեն մեր փոխարեն։ Նրա տեսլականով՝ մարդիկ չեն նվիրվելու պարզապես աշխատանքի, այլ ուղևորվելու են դեպի այլ մոլորակներ։
«Առաջիկա մի քանի տասնամյակում տիեզերքում կապրեն միլիոնավոր մարդիկ՝ ահա թե ինչքան արագ է այդ գործընթացը զարգանալու», – նա նաև հավելել է, որ այդ գործընթացը լինելու է կամավոր, – «Մարդկանց տիեզերքում ապրելը մեզ անհրաժեշտ չէ։ Եթե անհրաժեշտ լինի աշխատանք կատարել Լուսնի մակերեսին կամ այլ վայրում, մենք կկարողանանք այդ գործը վստահել ռոբոտներին, ինչը շատ ավելի արդյունավետ կլինի, քան մարդկանց ուղարկելը»։