«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրով՝ Հայաստանը մտնում է նոր տնտեսական փուլ՝ բարելավված ենթակառուցվածքներով և ավելի խորը տարածաշրջանային ինտեգրմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբաջյանը նման կարծիք է հայտնել Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորում»-ի ընթացքում։
Աբաջյանը նշել է, որ համաշխարհային առևտրի և ներդրումների լանդշաֆտը շատ արագ փոխվում է, և ամենահաջող ներդրումները, որոնք տեսանելի են այժմ, տեխնոլոգիաների, ծառայությունների և արտադրության համադրություն են։
«Այս նոր միջավայրում ներդրողները դիտարկում են երեք հիմնական բան․ կանխատեսելի կանոններ, ամուր կապակցվածություն և, իհարկե, կատարողականություն։ Հայաստանը պատրաստ է առաջարկել այս երեքը։ Նախ՝ կանխատեսելիությունը. մեր ներդրումային քաղաքականությունը ստեղծում է թափանցիկ և կանոնների վրա հիմնված միջավայր, որը բոլոր ներդրողների համար հավասար է։ Մենք թվայնացնում ենք մեր հանրային և ներդրումային ծառայությունները և փորձում ենք դրանք դարձնել ավելի արդյունավետ՝ գաղափարից մինչև կատարում և շահագործման հանձնում։ Իհարկե, ինչպես շատ կառավարություններում, կան բազմաթիվ կատարողական խոչընդոտներ, բայց կա մեր կառավարության պարտավորությունը և լիակատար աջակցությունը։ Մեր կառավարությունը կանգնած է յուրաքանչյուր բիզնեսի կողքին և պահում է իր խոսքը»,- շեշտել է Գոհար Աբաջյանը։
Որպես ներդրողների համար երկրորդ կարևոր հանգամանք՝ Աբաջյանն առանձնացրել է կապակցվածությունը՝ կարծիք հայտնելով, որ աշխարհագրությունն այս առումով առավելություն է։
«Հայաստանի համար խաղաղությունն ու կայունությունը պարզապես վերացական բառեր չեն, այլ տնտեսական ակտիվներ, որոնք մենք ձեռք ենք բերել: Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և TRIPP-ի (խմբ․ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման) միջոցով Հայաստանը կամրապնդի բազմամոդալ կապը Սև ծովի, Կասպից ծովի և Պարսից ծոցի հետ: Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագրով՝ Հայաստանը մտնում է նոր տնտեսական փուլ՝ բարելավված ենթակառուցվածքներով և ավելի խորը տարածաշրջանային ինտեգրմամբ»,- նշել է Գոհար Աբաջյանը՝ մատնանշելով, որ բիզնեսի և ներդրողների համար սա նշանակում է դիվերսիֆիկացված լոգիստիկա և ավելի կարճ տարանցման ժամանակ ու բազմաթիվ տարածաշրջանային շուկաներ՝ մեկ ներդրումային բազայից:
Ներդրումների համար որպես երրորդ կարևոր հանգամանք՝ Աբաջյանը նշել է ծրագրերի ու նախաձեռնությունների կատարողականությունը:
«Ներդրողները գնահատում են վստահությունը, որ խոստացված հանձնառությունը կկատարվի։ «Էնթերփրայզ Արմենիա»-ն կանգնած է բոլոր ներդրողների կողքին։ Մենք կապված ենք մեր պետական հատվածի հետ ու փորձում ենք ամեն ինչ դարձնել արագ և կանխատեսելի՝ սկսած թույլտվություններից և ֆինանսավորման հնարավորություններից։ Եվ այն, ինչն իմ կարծիքով այսօր տարբերակում է Հայաստանը, ոչ միայն տեխնոլոգիաներն են, այլև բազմազան հնարավորությունները, որտեղ գլոբալ ընկերությունները կարող են գտնել կոմպակտ, դեռևս շատ կարող բազա՝ փորձաքննության, արտադրության և նախատիպերի ստեղծման համար»,- ասել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրենը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում առկա ինժեներական խորը տաղանդի, որակավորված և բարձր աշխատուժի ու ստեղծագործական տաղանդի շնորհիվ կարելի է տեսնել բոլոր ներդրումային հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են։