ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ խոսել ենք հոգևորականների կալանավորումների, Կտրիճ Ներսիսյանի հեռանալու և ներքաղաքական իրավիճակի մասին։
- Պարոն Արշակյան, հոկտեմբերի
15-ին Արագածոտնի թեմում իրավապահները խուզարկություններ են իրականացրել, հայտնաբերվել
և վերցվել են խոշոր գումար, ոսկյա զարդեր և այլ առարկաներ, դրանից հետո կալանավորվել
են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, դիվանապետը և Մուղնիի հոգևոր
հովիվը։ Ուշագրավ է, որ մեղադրանքում տեղ է գտել այն հանգամանքը, որ 2021-ին ՀԱԵ ներսում
եղել է պարտադրանք՝ քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքներին մասնակցելու։
Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին։
- Մի բառով եթե ասեմ՝ ճորտատիրության
դրվագ է դա։ Պարզվում է, որ Հայաստանում դեռևս կա ճորտատիրություն, որովհետև ճորտերին
կարող են հրամայել գնալ, նստել, վեր կենալ, բազմանալ։ Այսինքն՝ գործատուն, տվյալ դեպքում՝
նրանք գործատու են, տնօրինում են մարդկանց առօրյան և նաև քաղաքական դիրքորոշումը։ Ես
համարում եմ, որ դա հենց ճորտատիրության դրսևորում է։ Ի դեպ, առիթից օգտվելով ասեմ՝
էդ «Տաշիր գրուպպայի» բանվոր, ծառայողների մասով էլ հարկավոր է մի հատ հետաքրքրվել՝
օրենքով սահմանված կարգով կամավո՞ր են իրենք անդամագրվում և մասնակցում «մեր ձևին»,
իրենց ձևն է՞լ է ճորտատիրություն։ Ես կարծում եմ, որ իրավապահների կողմից հայտարարությունը
Հայաստանում բացահայտված ճորտատիրության մասին է։
- Այս ամենի ֆոնին ընդդիմությունը
սկսեց քարկոծել Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամին՝ անվանելով նրան Հուդա, և Դանիել
Իոաննիսյանին, որը տեր Արամի՝ եթերում հնչեցրած հայտարարությունն ուղարկել էր դատախազություն՝
որպես հաղորդում հանցագործության մասին, վերջինիս էլ անվանարկեցին՝ ասելով «գործ տվող»։
Կխնդրեմ Ձեր կարծիքն այս մասով հայտնեք։
- Միանշանակ պատճառահետևանքային
կապ կա, ճորտատիրություն և քրեական ենթամշակույթ։ Գաղութում՝ կալանավայրում, քրեական
աշխարհում այդ հարաբերություններն են, և այդ տերմիններն են օգտագործում։ Մենք գործ
ունենք քրեական ենթամշակույթի հետ։ «Բարի գալուստ» քրեական ենթամշակույթ։
- Երեկ տեղեկություն տարածվեց,
որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանին, որը Կաթողիկոս
Արամ Ա-ի անունից վարչապետ Փաշինյանին է նվիրել Արամ Ա-ի գահակալության 30-ամյակի առիթով
հրատարակված հատորը, ինչպես նաև վարչապետին է փոխանցել Արամ Ա-ի ջերմ ողջույններն ու
օրհնությունը։ Հիշեցնեմ, որ Արամ Ա-ն բազմիցս էր քննադատում Հայաստանի իշխանություններին,
բայց հիմա կարծեք թե հռետորաբանությունը փոխվել է։ Հնարավո՞ր է Արամ Ա-ն փորձում է
իշխանություն-որոշ եկեղեցականներ «հակամարտությունը» տեղափոխել երկխոսության դաշտ և
միջնորդ դառնալ այս գործում։
- Ողջունելի է, փառք Աստծու, որ այդպիսի բան կա։ Փաստի առաջ ենք
կանգնել, և կարելի է օգտվել այդ հանգամանքից, հարկավոր է ընդառաջ գնալ, և հասարակական
կազմակերպությունները, այսինքն՝ հասարակական կարծիքը նույնպես մասնակցի այդ հաշտեցման
գործընթացին։ Ես ողջունում եմ, ուրախ եմ, որ այդպիսի բան կա։
- Տեսակետ կա, որ վերջին իրադարձություններից
հետո Կտրիճ Ներսիսյանը հնարավոր է հոկտեմբերի 27-ին՝ հենց իր գահակալության օրը, կամք
դրսևորի և հեռանա։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ նա նման բան կանի։
- Իրենց գործերին մեղմացնող հանգամանք կլինի, այո, ինչ որ ասում եք, ինչ որ կա, ինչ որ ինքն արել է, բայց հեռանա առանց դուռը շրխկացնելու։ Որքան շուտ Կտրիճ Ներսիսյանը հեռանա, օգնի մեզ՝ հավատացյալներիս, որ վերադառնանք խաղաղ, հանգիստ բարեպաշտ օջախը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, այնքան լավ և՛ իր համար, և՛ մեզ համար։
- Խոսենք նաև վերջին ասուլիսի
ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հայտարարությունների մասին։ Նա մասնավորապես չի
բացառել, որ 2026-ին կհամագործակցի այլ քաղաքական
ուժերի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի։ Նկատենք, որ ում հետ հնարավոր համագործակցություն
ենթադրվում է, դրանք բոլորն էլ ռուսամետ ուժեր են։ Դուք այդ համագործակցության շանսերն
ինչպե՞ս եք գնահատում։
- Միավորվելու հրամանը լինի՝ կմիավորվեն, չլինի միավորվելու հրաման՝ չեն միավորվի, չեն համագործակցի։ Այնպես որ նրա ասածը ոչ մի իմաստ չունի։ Մենք պետք է նայենք տեսնենք՝ ինչ հարաբերություններ ունի ՀՀ-ն ՌԴ-ի հետ, և ինչ հարաբերություններ կան իշխանությունների միջև։ Ես նաև չեմ բացառում, որ կարող է լինել ինքնագործունեություն՝ սեփական խաղը։ Շատ հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը սկսում է իր խաղը։
- Ըստ Ձեզ՝ 2026 թվականին ի՞նչ տեսք կստանան քաղաքական ուժերի միավորումները։
- Կլինեն իմպերիականները, այսինքն՝
ապազգայինները, և ազգայինները, այսինքն՝ ԵՄ-ի հետ ազատության, ժողովրդավարության, բարեկեցության
կողմնակիցները և հետադիմության, ճորտատիրության կողմնակիցները։ Հիմա արդեն դա երևում
է, նրանք դասավորվում են, բևեռանում են։
- Մոլդովական սցենարի տիպի սցենար
կանխատեսո՞ւմ եք։
- Դրանք երկրորդական բաներ են։
Դա կախված է Հայաստանի Հանրապետության կարգավիճակից։ Եթե ՀՀ-ն համարվի որպես թիրախ,
որպես զոհ՝ ռուսական իմպերիալիզմի համար, ամեն ինչ էլ կլինի, վատ բաներ կլինեն։ Իսկ
եթե ՀՀ-ին տրվի հատուկ գործառույթ, մեր ցանկությամբ նաև, և եթե աշխարհը ընդառաջ գնա
մեր ցանկությանը, արժանապատիվ կարգավիճակ տրվի, ուրեմն որևէ ձևի մոլդովական, վրացական,
տաջիկական հագուստ մեզ վրա չի լինի։ Մենք կգնանք
քաղաքական, ժողովրդավարական գործընթացների, ու կձևավորվի նոր իշխանություն՝ ժողովրդի
կամքով։ Մոլդովայում մի քիչ ուրիշ էր, մեզ մոտ այնպես է, որ ռուսամետները լքված են,
այ դա է տարբերությունը։ Մոլդովայում ռուսամետները լքված չէին, ստանում էին ռուսական
շովինիզմի աջակցությունը։ Իսկ մեզ մոտ մինչև հիմա ակնհայտորեն ռուսական պետությունը
չի աջակցում ռուսամետներ հայտարարված ուժերին։
Լիլիթ Թադևոսյան