Հնդկաստանը պատրաստվում է կրճատել ռուսական նավթի գնումները․ Reuters

Հնդկաստանի նավթ վերամշակող գործարանները ռուսական նավթի ներկրումը կրճատել են 50 տոկոսով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցչին։


Պաշտոնյայի խոսքով՝ նման որոշում է կայացվել Նյու Դելիի և Վաշինգտոնի միջև անցկացված առևտրային բանակցություններից հետո, սակայն այլ մանրամասներ նա չի ներկայացրել։


Ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին, գործակալությունը՝ հղում անելով իր երեք աղբյուրների, գրել էր, որ ԱՄՆ-ի աճող ճնշման ֆոնին հնդկական նավթավերամշակող ընկերությունները պատրաստվում են դեկտեմբերիից կրճատել ռուսական հումքի գնումները։ 


Տրեյդերները Reuters-ին ասել էին, որ Հնդկաստանին դրա համար որոշ ժամանակ է պետք։ Միևնույն ժամանակ, զրուցակիցները նշել էին, որ այս հարցով կառավարության պաշտոնական հրահանգներ դեռ չկան։


ԱՄՆ-ն օգոստոսի վերջին 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել հնդկական ապրանքների վրա, պատճառաբանելով դա նրանով, որ Հնդկաստանի կառավարությունը շարունակում է ներմուծել ռուսական նավթ։ Սպիտակ տունը հայտարարել էր, թե այդ գնման քաղաքականությամբ Նյու Դելին ֆինանսավորում է ռուս-ուկրաինական հակամարտությունը։ Վաշինգտոնը նաև կոչ էր արել G7 երկրների գործընկերներին բարձր մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ։


Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, իրենց զրույցից հետո, խոստացել է հրաժարվել ռուսական նավթի գնումներից։