ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, որը նախատեսված էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, կարող է հետաձգվել։ Այս մասին հայտնել են CNN-ի աղբյուրները, որոնք ավելի վաղ տեղեկացրել էին գագաթնաժողովի նախապատրաստման մասին։
Ինչպես CNN-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը, ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի միջև սպասվող հանդիպումը առայժմ հետաձգվել է։
Հետաձգման պատճառները չեն հստակեցվում, սակայն աղբյուրներից մեկը նշել է, որ կողմերի մոտ տարաձայնություններ են առաջացել ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր ավարտի վերաբերյալ ակնկալիքներում։
Աղբյուրը նշել է, որ այդ տարաձայնությունների պատճառով քիչ հավանական է, որ Ռուբիոն հանդիպում առաջարկի Թրամփի և Պուտինի միջև հաջորդ շաբաթ։ Նա ենթադրել է, որ երկու երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կարող են նոր հեռախոսազրույց անցկացնել այս շաբաթ։
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը հոկտեմբերի 16-ին մոտ 2,5 ժամ տևողությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են ուկրաինական հակամարտության հետ կապված հարցեր։
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ երկու երկրների միջև կկայանա «բարձր մակարդակի խորհրդականների» հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մասնակցությամբ, որից հետո ինքը կհանդիպի Պուտինի հետ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Այնուհետև Թրամփը նշել էր, որ Պուտինի հետ նշված հանդիպումը կարող է կայանալ «2 շաբաթվա ընթացքում»։