Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան
պատրաստ է Ստամբուլում հյուրընկալել Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովը։ Այս
մասին հայտնում է թուրքական Yenisafak-ը:
«Այստեղ Թուրքիայի և Ստամբուլի կարևորությունը մեր աշխարհայացքում
կրկին ակնհայտ դարձավ։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հյուրընկալել նման հանդիպում։Ես
կցանկանայի տեսնել (խմբ. Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի)
հանդիպումը Բուդապեշտում: Մենք կարծում ենք, որ ցանկացած երկխոսություն օգտակար է այս
հակամարտությանը վերջ դնելու համար: Մենք հենց սկզբից պաշտպանել ենք սա, աշխատել ենք
դրա վրա և հայտարարել, որ արդար աշխարհը հնարավոր է»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան լավ հարաբերություններ է հաստատել հակամարտության
երկու կողմերի հետ։
«Սա մեզ առավելություն է տալիս խաղաղության ճանապարհին, և մենք
վճռական ենք», - նշել է նա։
Ավելի վաղ նախատեսվում էր ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպում
կազմակերպել Բուդապեշտում, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ չեղարկում
է հանդիպումը, քանի որ չի տեսնում Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայում պատերազմին
վերջ դնելու հարցում։ ԱՄՆ նախագահը նաև խիստ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նավթագազային
ընկերությունների դեմ։