Իտալիայի մարզադաշտերը չեն բավարարում ՈւԵՖԱ-ի չափանիշներին․ ՌԴ-ն պատրաստ է ստանձնել առաջնության անցկացումը․ Daily Mail

Ռուսաստանը հայտ է ներկայացրել 2032 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացնելու համար՝ այն մտավախությունների ֆոնին, որ Իտալիան հնարավոր է չհասցնի պատրաստել իր մարզադաշտերը մրցաշարին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։


Ըստ հրապարակման, մրցաշարը պետք է համատեղ կազմակերպվի Իտալիայի և Թուրքիայի կողմից։ Սակայն հնացած ենթակառուցվածքների հետ կապված խնդիրների պատճառով իտալական մարզադաշտերը կարող են չբավարարել ՈՒԵՖԱ-ի պահանջներին։


Այս ֆոնին Ռուսաստանը, որը հեռացված է ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցումներից Ուկրաինայում հակամարտության սկսվելուց հետո, հայտարարել է միջամտելու և մրցաշարն ընդունելու պատրաստակամության մասին, եթե Իտալիան չկարողանա կազմակերպել այն։


Մոսկվայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Դյուկովը հայտարարել է, որ «Իտալիան մարզադաշտերի հետ կապված խնդիրներ ունի», և եթե երկիրը «կորցնի մրցաշարը կազմակերպելու հնարավորությունը», Ռուսաստանը պատրաստ է ստանձնել այն։ «Ռուսաստանը պատրաստ է ընդունել Եվրո-2032-ը Իտալիայի փոխարեն»,- ընդգծել է նա։


Իտալական Gazzetta dello Sport պարբերականի տվյալներով՝ առաջարկված տասը իտալական մարզադաշտերից ՈՒԵՖԱ-ն հավանություն է տվել միայն մեկին, ուստի կա հավանականություն, որ Թուրքիան ի վերջո կդառնա առաջնության միակ կազմակերպիչը։


Իտալական ֆուտբոլային լիգայի նախագահ Էցիո Սիմոնելլին նույնպես մտահոգություն է հայտնել, որ Իտալիան կարող է զրկվել Եվրո-2032-ն անցկացնելու իրավունքից, հայտարարելով, որ իրավիճակն իր մոտ «լուրջ անհանգստություն է առաջացնում»։