ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ինչպես երբեք, լի է վճռականությամբ» շարունակելու պատերազմն Ուկրաինայում և հաղթանակ տանելու մարտի դաշտում։ Այս մասին ասվում է ամերիկյան հետախուզության գնահատականում, որի մասին NBC News-ին հայտնել են երկու աղբյուր՝ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչ և ԱՄՆ Կոնգրեսի աշխատակազմի աշխատակից։
Այս ամիս Կոնգրեսի անդամներին ներկայացված գնահատականում նշվում է, որ հետախուզությունը չի տեսնում «Ռուսաստանի պատրաստակամությունը՝ Ուկրաինայի հարցով փոխզիջման գնալու համար», չնայած Դոնալդ Թրամփի՝ խաղաղ բանակցություններ կազմակերպելու փորձերին։
Չնայած մեծ կորուստներին և տնտեսական դժվարություններին, Պուտինը, ըստ հետախուզական գնահատականի, դեռևս ձգտում է ամրապնդել վերահսկողությունը ուկրաինական տարածքների վրա և ընդլայնել Ռուսաստանի ազդեցությունը՝ արդարացնելու մարդկային ու ֆինանսական ծախսերը։
Ամերիկյան և արևմտյան հետախուզական ծառայությունները դեռ 2022 թվականի փետրվարից կարծում էին, որ Պուտինը պատրաստ չէ փոխզիջման, սակայն այժմ, ըստ աղբյուրների, ենթադրվում է, որ Ռուսաստանի նախագահը «նախկինից էլ ավելի անդրդվելի» է տրամադրված։
The Wall Street Journal-ի աղբյուրները պատմել են, որ 2025 թվականի սկզբին, երբ Թրամփը նոր էր ստանձնել նախագահի պաշտոնը, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներքին հետախուզական գործակալությունը և Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) տարբեր կարծիքներ են ունեցել Պուտինի մտադրությունների վերաբերյալ։