Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջի՝ անձնական նպատակներով օգտագործումը վարչական լծակի կիրառում է

Գյումրիի քաղաքապետարանը համայնքի բյուջեով տնօրինվող ֆեյսբուքյան էջը վերածել է Վարդան Ղուկասյանի և Կոմունիստական կուսակցության անձնական ֆեյսբուքյան հարթակի։ Նկատենք, որ այն բացվել և վարվում է համայնքային ռեսուրսներով, հետևաբար այնտեղ պետք է տեղ գտնի միայն պաշտոնական տեղեկատվություն՝ կապված Գյումրիի և քաղաքապետարանի գործունեության հետ։ Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական էջը, սակայն, վերածվել է ընդդիմադիր հարթակի։ Ֆեյսբուքյան էջն, ամենայն հավանականությամբ, վարում է Ղուկասյանի մամուլի խոսնակը՝ Հասմիկ Վիրաբյանը, կամ Լիլիթ Աղեկյանը։


Քաղաքապետարանի գործունեությանը վերաբերող մի քանի նյութերը կորչում են ակնհայտ ընդդիմադիր քաղաքական բովանդակությունների ու հայտարարությունների արանքում։ Ընդ որում, երբեմն մի օրում մի քանի այդպիսի նյութ է տարածվում քաղաքի ֆեյսբուքյան պաշտոնական էջով։ Օրինակ՝ Զարուհի Փոստանջյանի գրառումներն ու հայտարարություններն են քաղաքապետարանի էջով տարածվում։



Բանը հասել է նրան, որ էջը տարածում է ոչ միայն Վարդան Ղուկասյանի կամ նրա պաշտպանների, Կոմունիստական կուսակցության հայտարարությունները, մտքերը, այլև, օրինակ, Իշխան Սաղաթելյանի ընդդիմադիր գրառումներով են կիսվում, տարածում են 5-րդ ալիքի ռեպորտաժները, Զարուհի Փոստանջյանի «հարցախույզը» գյումրեցիների շրջանում և իհարկե ռուսական աղբյուրներ՝ gazeta.ru, Մարիա Զախարովայի անդրադարձերը, ինչպես նաև Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը։


Ցանկացած մեկը, ով անդրադառնում է Վարդան Ղուկասյանի կոռուպցիոն գործունեությանը, նրա քրեական գործերին՝ հայտնվում է Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, այդ թվում՝ տխրահռչակ «Հայաքվե» նախաձեռնության անդամների ելույթները։


Երկու օր առաջ էլ ոգևորված տարածել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի՝ Երևանում կայացած նիստի ընթացքում եվրոպացի, ավելի կոնկրետ՝ իսպանացի խորհրդարանականի ելույթը, որում վերջինս քննադատում էր ոստիկանական գործողությունները, որոնց ընթացքում անձին բերման ենթարկելիս շատ ոստիկաններ են մասնակցում։ Եվ ահա Վարդան Ղուկասյանն ու իր թիմակիցները հղում են անում եվրոպացու ելույթին, որը, նկատենք, ըստ էության, հանդես է եկել Ղուկասյանի պաշտպանության դիրքերից։ Սա, հիշեցնենք, այն եվրոպացին է, որին Վարդան Ղուկասյանը Tribune.am-ի եթերում անվանում էր «պիդառաստ», «այլասերված», որոնք «մի կնոջ հետ չեն ապրում, մի տասնյակ կին են փոխել, սեռ են փոխել, պիդառաստ են, լեսբիանկա ու գալուբոյ», իսկ Եվրոպայի «պրեզիդենտները երեխաներ չունեն, որովհետև միասեռականներ են»։


Վարդան Ղուկասյանն ասում էր, որ «միանշանակ այդ մարդիկ մեր երկրում տեղ չեն ունենալու»։ Հիմա Վարդան Ղուկասյանը, իրենց թիմը, հղում անելով արևմտյան գործչի խոսքերին,  փորձում են ապացուցել, որ իրենց նկատմամբ քրեական վարույթները, հետապնդումները քաղաքական են։


Նաև հատկանշական է, որ թե՛ Վարդան Ղուկասյանը, թե՛ ընդդիմադիր լրատվամիջոցներն ու գործիչները պարբերաբար խոսում են իշխանության կողմից կիրառվող իբր վարչական լծակների մասին։ Քաղաքապետարանի պաշտոնական էջը անձնական նպատակներով օգտագործելը ոչ այլ ինչ է, քան վարչական լծակի օգտագործում։ Այս մասին, սակայն, ընդդիմադիր հատվածը լռում է։

 

Վոլոդյա Հակոբյան