Ընդդիմությունն ու դրան սպասարկող քարոզչական ռեսուրսները վերջին առնվազն երկու շաբաթներին զբաղված են ոչ միայն Հովհաննավանքի՝ Կտրիճ Ներսիսյանի կողմից կարգալույծ հռչակված քահանայի հասցեին լուտանքներ տեղալով («Հուդա», «սրբապիղծ»), նրա կողմից մատուցված պատարագները «կեղծ ու պղծական» որակելով, այլ նաև կրոնական այդ միջոցառմանը մասնակցած քաղաքացիների թվի հիման վրա կանխատեսումներ անելով։ Մասնավորապես ընդգծելով, որ տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած պատարագներին մասնակցում էր «եկեղեցին պառակտող» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ընդդիմադիր ագիտպրոպը, հենվելով սեփական հաշվարկների վրա, եզրակացնում է՝ կրոնական ծեսի մասնակիցների փոքր թիվը վկայում է վարչապետի՝ «երկրորդ հովհաննավանքյան ձախողման» մասին։ «Հասկանալով, որ իր հետևում ժողովուրդ չկա, նա սաստկացնելու է ուժային և վարչական ճնշումները»,-մասնավորապես գրել է Գարեգին Բ-ի փաստաբանությունը ստանձնած ընդդիմադիր գործիչներից մեկը՝ հավելելով. «Այսօր նա լարեց իր ամբողջ մարդահավաքման ռեսուրսը, բայց ստացավ ավելի խղճուկ արդյունք, քան անցյալ շաբաթ էր, հրապարակ բերելով բավականին մարգինալ և նույնքան ագրեսիվ զանգված (եթե մի քանի հարյուր մարդու մասին կարելի է կիրառել այդ բառը)»։
Նկատենք, որ նախորդ երկու պատարագներին
մասնակցելու՝ հանրությանն ուղղված կոչով կամ
ուղերձով վարչապետը հանդես չի եկել՝ այդ միջոցառումներին մասնակցել-չմասնակցելու որոշումը
թողնելով հանրության հայեցողությանը։ Հետևապես
եկեղեցական միջոցառմանը հանրահավաքի նշանակություն հաղորդելը և դրա մասնակիցների
«փոքր» թվի հիման վրա եզրակացություններ կառուցելը
մանիպուլյատիվ են։ Ուրիշ հարց, եթե վարչապետը պատարագներին մասնակցելու
կոչով դիմած լիներ քաղաքացիներին և այդ կոչին հետևեր հավատացյալների նվազ մասնակցություն։
Այս համատեքստում նշենք, որ Մայր աթոռը տարբեր եկեղեցիներում իրականացվելիք միջոցառումների մասին նախապես իրազեկում
է՝ դրանց մասնակցելու որոշումը թողնելով հավատավոր հոտի հայեցողությանը։ Նկատենք, որ նախորդ կիրակի Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գարեգին Բ-ի օծման և գահակալության 26-րդ ամյակին
նվիրված սրբազան արարողություն, որի մասնակիցների թիվը, հարկ է նշել, բնավ ոգևորիչ
չէր։ Ոչ ոգևորիչ՝ Գարեգին Բ-ի համար։ Եթե հավատավոր հոտը, ինչպես ընդդիմությունն է
պնդում, չի սատարում Նիկոլ Փաշինյանի՝ «եկեղեցապառակտիչ հայտարարությունները», ապա
ինչո՞ւ Էջմիածինն իր հարակից տարածքով հիշյալ
կարևոր միջոցառման ժամանակ լցված չէր հավատացյալներով, ովքեր այսպիսով իրենց աջակցությունը
կհայտնեին Գարեգին Բ-ին ու վերջինիս՝ ավելի քան քառորդ դար գահակալման ընթացքին՝ «ոչ»
ասելով վեհարանն ազատելու՝ Փաշինյանի հնչեցրած կոչին։ Ընդդիմությունն ունի՞ այս հարցի
պատասխանը։
Նկատենք, որ ս․թ․ հուլիսին Միջազգային հանրապետական
ինստիտուտը (IRI) հարցում էր անցկացրել Հայաստանում՝ պարզելու, թե որքանով են քաղաքացիները
գոհ կամ դժգոհ ՀՀ տարբեր կառույցների աշխատանքից։
Հայ Առաքելական եկեղեցու վարկանիշն, ըստ այդ հարցման, ամենաբարձրն էր 18-ից 35 տարեկան հայաստանցիների
շրջանում՝ ավելի քան 70 տոկոս։ Ըստ այս հարցման՝ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ գոհունակություն է
արտահայտել հարցվածների 58 տոկոսը, դժգոհություն է հայտնել 35 տոկոսը, իսկ 6
տոկոսը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել:
Մեկ այլ հարցման արդյունքներով էլ, որը 2025-ի մայիսին
հրապարակել է Կովկասյան բարոմետրը (հարցումներն իրականացվել
են 2024 թվականի հուլիսի 27-ից մինչև հոկտեմբերի
10-ը Երևանում և ՀՀ 10 մարզերի գյուղական և քաղաքային բնակավայրերի 1561 չափահաս քաղաքացիների
շրջանում), հարցվածների 79,4%-ը վստահում է իր դավանած կրոնի հաստատությանը։ (2021
թվականի հարցման համաձայն՝ այս ցուցանիշը կազմել 34%)։ 2024-ին հարցվածների 79%-ը նշել
է, որ դավանում է Հայ Առաքելական եկեղեցուն։
Հարց է ծագում՝ եթե եկեղեցին
հանրային աջակցության նման բարձր մակարդակ ունի, ապա եկեղեցուն վստահողները ինչո՞ւ
չեն ընդդիմանում «Նիկոլ Փաշինյանի սանձազերծած հակաեկեղեցական արշավին», ինչո՞ւ ի պաշտպանություն
Հայոց Հայրապետի հանրահավաքներ ու այլ զանգվածային միջոցառումներ չեն կազմակերպում։
Թերևս կարելի է մտահանգել, որ հավատավոր հոտն իրականում վստահում է եկեղեցուն՝ որպես
հազարամյա կայացած ինստիտուտի և կրոնական հաստատության, բայց ոչ այդ ինստիտուտի անունից
հանդես եկող սպասավորների՝ ներառյալ Հայոց Հովվապետը։ Սոցհարցումների վերոհիշյալ «ճոխ»
տվյալներն ու այս օրերին եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների շուրջ ստեղծված իրավիճակը՝
հանրային աջակցության բացակայությունը, փաստում
են, որ գործ ունենք ոչ թե իշխանություն-եկեղեցի հակադրության հետ, ինչպես հետևողականորեն
փորձում են քարոզել շահագրգիռ խմբակները, այլ հավատավոր հոտ (որի անդամներն են նաև
կառավարող ուժի ներկայացուցիչները) և եկեղեցու բարձրաստիճան որոշ սպասավորներ դիմակայության
հետ։ Այդ դիմակայությունն առայժմ շարունակվում է կողմերից երկրորդի՝ հոգևոր դասի համառելու
տեսքով՝ ջրի երես հանելով եկեղեցու որոշ սպասավորների կեղտոտ սպիտակեղենը, վարկաբեկելով
եկեղեցին որպես հանրության կողմից բարձր վստահության արժանացած ինստիտուտ։
Հավատավոր հոտը նոր չէ, որ տեղյակ
է եկեղեցու կանոնագրքի պատգամները, մասնավորապես կուսակրոնության ուխտը խախտած եկեղեցականների,
այդ թվում՝ Գարեգին Բ-ի ուխտազանցության՝ դուստր ունենալու մասին։ Մասնավորապես
2018-ին՝ հեղափոխությունից հետո, հիշեցնենք, կաթողիկոսին հեռացնելու օրակարգով «Նոր
Հայաստան, նոր Հայրապետ» շարժում էր սկսվել, որում, մեզ հասած հավաստի տեղեկություններով,
ներգրավված էին մոտ մեկ տասնյակ եպիսկոպոսներ։ Այդ շարժումը, սակայն, սառեց կամ սառեցվեց՝
առկախելով վեհարանն ազատագրելու, եկեղեցին վերասրբագործելու անհրաժեշտությունը։ Վերջին
ամիսներին ՀՀ վարչապետի շուրթերով ընդամենը վերհիշեցվել է այդ անհրաժեշտության մասին, և տարերային այդ օրակարգը ստացել է կոնկրետ ձևակերպում։
Այն է. «Վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատելը առաջին հերթին հոգևոր
օրակարգ է, մեր Եկեղեցին և եկեղեցով մեր պետությունն ու հանրությունը, ինքներս մեզ
նորոգելու, մեր պետության մեջ կյանքի բարոյական ստանդարտ սահմանելու օրակարգ։ Որովհետև
դժվար, եթե չասենք անհնար է Հովհաննես Թումանյանի երազած և պատգամած հանրային-բարոյական
նշաձողը, այն է՝ «ազնիվ մարդիկ, բարի սրտեր, բարձր հոգիներ»-ը, դարձնել միջին վիճակագրական
ստանդարտ, եթե Եկեղեցու վերնախավն ինքը ուխտագրով իր ստանձնած և նախնիների կողմից ավանդված
ստանդարտը չի պահում»։
Եկեղեցու և հավատավոր հոտի շահերից
է բխում վերոհիշյալ օրակարգի բավարարումը, որը գիտակցելու համար, հուսանք, եկեղեցու
վերնախավն ունի բավարար կամք և կարողություն։
Հ. Մ.