Երաշխավորված և ուժեղ խաղաղություն՝ Նիկոլ Փաշինյանի բերած աներաշխավոր, թույլիկ և մի մարդու՝ Ալիևի տրամադրությունից կախված խաղաղության փոխարեն։ Ահա այս ավանտյուրիստական խոստումով են պատերազմի եռագլուխ կուսակցությունները մտել ընտրապայքարի մեջ՝ թիրախավորելով արդեն հաստատված 9 ամսական խաղաղության գործընթացը, փորձելով այն խեղդել հենց օրորոցում։
Եվ ուրեմն, ի՞նչ են
առաջարկում այդ ուժերը երաշխավորված խաղաղություն ասելով։ Առաջարկում են, որ մեծ
զոհողությունների, զրկանքների գնով ձեռք բերված խաղաղության «ծնողները»՝ ՀՀ
ժողովուրդն ու նրա մանդատով իշխանությունը ստանձնած քաղաքական ուժը, իրենց
ծնողական իրավունքների մի մասը զիջեն՝ խաղաղությունը որդեգրման հանձնելով այլոց՝
ոչ կենսաբանական ծնողներին, եթե կուզեք՝ դայակներին՝ ի դեմս այլ պետությունների, մասնավորապես
ՌԴ-ի, նրանց վերապահելով խնամքի հարցերը՝
սնուցումից մինչև անվտանգության ապահովում։ Բնական հարց է ծագում՝ ինչո՞ւ, ի՞նչը կարող է նման կերպ վարվելու առիթ դառնալ
այն դեպքում, երբ Հայաստանն ու Հայաստանի ժողովրդի բնական, օրգանական
հանձնառությունն է տեր ու երաշխավոր կանգնել,
հոգ տանել իրենից ծնվածի հանդեպ, և դա
անելու համար ունի և՛ ուժ, և՛ կամք։
Հարցի պատասխանը շատ
պարզ է՝ առաջարկի հեղինակները պարզապես զուրկ
են ծնողական բնազդից, քանի որ նրանք,
որպես քաղաքական ուժեր, չեն կիսել «երեխայի» բեղմնավորման, կրման դժվարություններն
ու տիտանական տանջանքները, անհաղորդ են եղել վերջինիս «լույս աշխարհ գալուն»
սպառնացած մարտահրավերներին, չեն մասնակցել դրանց չեզոքացմանը, որոնք կարող էին ընդհուպ
հանգեցնել «ծնողի»՝ Հայաստան պետության անկախության վերացմանն ու գոյության դադարեցմանն ընդհանրապես։ Ընհակառակը,
երբ խաղաղության գործընթացը նոր-նոր էր ձևավորվում ու ի մի բերվում, երբ համաձայնեցվում էին դրա ամեն մի հյուլեն ու
դետալը, ամեն մի կետն ու նախադասությունը, հոդվածն ու պարբերությունը և վերջապես՝
ամբողջական տեքստը, ու այն նախապատրաստվում էր ԱՄՆ-ում նախաստորագրման՝ դառնալով փաստաթղթավորված
իրողություն, եռագլուխ ուժերն ու դրանց սատելիտները, որոնք «պոստ ֆակտում» կոկորդ
են պատռում երաշխավորներ բերելու մասին, լծված էին մեկ գործի՝ վիժեցնելու
խաղաղության գործընթացը, անելու ձեռքներից եկածը՝ միտինգներից,
զանազան-զարմանազան, մեկումեջ էլ «սրբազան» շարժումներ սանձազերծելուց մինչև ԱԺ դահլիճից
հնչող ապակառուցողական, սադրիչ հայտարարություններ։ Այս՝ խաղաղության
տորպեդահարմամբ շահագրգռված խմբակը, որը
հայտ է ներկայացրել մտնելու խորհրդարան, զրո «ամագ» ունի օրորոցի տարիքի
խաղաղության հաստատման հարցում, և այստեղից էլ գալիս է «զրո» սրտացավությունը
վերջինիս հանդեպ։ Ինչ է ասում եռագլուխ ընդդիմությունը։ Ասում է՝ կգանք,
կվերաբանակցենք խաղաղության փաստաթուղթը, այն կդարձնենք մեր պատկերացումներին ու
ակնկալիքներին համապատասխանող։ Դա նույնն է, ինչ նորածնի ծնողները որոշեն երեխայի
կյանքի ամենառիսկային փուլում նրան ենթարկել կենսաբանական փորձարկումների՝ վիրահատական
ճանապարհով փոխելով քթի ձևը կամ, ասենք, փոխել աչքերի գույնը, երիկամների
տեղակայման վայրը, ավելացնել կամ պակասեցնել ձեռքի մատների քանակը, երկարացնել կամ
կարճացնել ոտքերը և այսպես շարունակ։ Սա ինչ է, եթե ոչ՝ դասական խոշտանգում, եթե
կուզեք՝ սադիզմ, որը, նկատենք, եռագլուխ ընդդիմությունը մտադիր է խաղաղության
հանդեպ իրագործել ոչ թե միայնակ կամ առանց միջնորդի, այլ միջնորդավորված՝ դայակների,
նույնն է թե՝ երաշխավորների ներգրավմամբ, որոնցից ամեն մեկն անխուսափելիորեն ունի
նորածնի արտաքին տեսքի ու ներքին օրգանների շահեկան աշխատանքի մասին իր ճաշակն ու
պատկերացումները։
Երաշխավորների մասով
հայաստանյան ու ղարաբաղյան դառը փորձը, սակայն, հուշում է, որ ինչ-որ փուլում
երաշխավորը վերածվում է կամ անդամալույծի՝
ի վիճակի չլինելով կատարել խնամարկյալի հանդեպ իր պարտավորությունները՝ ինչպես,
օրինակ, ռազմավարական դաշնակից ՌԴ-ն ու հատկապես ՀԱՊԿ-ը վարվեցին՝ 2021-ին ու 2022-ին չկատարելով իրենց
անվտանգային պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ։ Կամ էլ, որ ավելի սարսափելի է՝
նախքան անդամալույծի իմիտացիա անելը, կվերածվի թրաֆիքերի՝ զբաղվելով խնամարկյալի
օրգանների վաճառքով, վերջում, հազար անգամ ներողություն բառի համար, «բիրիքով»
հանձնելով արդեն մասնատված մարմինը։ Այդպիսի վարքագծի հայ ժողովուրդն ականատես
եղավ երաշխավորի տխրահռչակ փորձառություն ունեցող ՌԴ-ի դեպքում, որը, ովքեր
մոռացել են՝ հիշեցնենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնել էր
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու խաղաղ կյանքի երաշխավորի պարտավորությունը, սակայն նրա գիտությամբ ու
աչքի առաջ ԼՂՀ-ն նախ ենթարկվեց անդամահատման՝ Ադրբեջանին հանձնված տարածքների
տեսքով, մասնավորապես՝ Խծաբերդ, Փառուխ, Աղդաբան, Չարեքտար, Հաթերք, Չափարի իշխող բարձունքներ,
ինչպես նաև Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրեր։ Նույն
այդ երաշխավորի աչքի առաջ, հիշեցնենք, Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը և, խախտելով
նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, անցակետ տեղադրեց այդտեղ։ 2023-ի սեպտեմբերին էլ երաշխավորի
պատասխանատվության գոտում Ադրբեջանը հակաահաբեկչական օպերացիա իրականացրեց՝
ստիպելով ԼՂ բնակչությանը լքել իր հայրենիքը։ Ի դեպ, սույն երաշխավորը, որի
խաղաղապահ մանդատը ենթադրում էր մի շարք պարտավորություններ՝ մշտադիտարկել հրադադարի ռեժիմը, արձագանքել ուժի չկիրառման
պարտավորությունների խախտմանը, պաշտպանել կենսական նշանակության օբյեկտները, 5
տարվա փոխարեն հազիվ 3 տարի դիմացավ իր առաքելությունն իրացնելիս՝ 3 տարի
անպատասխանատվություն ցուցաբերելով իր պատասխանատվության գոտում՝ սեփական
անպատասխանատվության հետքերը թաքցնելու համար մեղավոր կարգելով ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանին, Պրահայի հայտարարությանը, Ալմա-Աթայի հռչակագրին, Արևմուտքին,
Սորոսին, այլմոլորակայիններին, վերերկրային «սև ուժերին», բոլորին՝ բացի իրենից։
Եռագլուխ ընդդիմությունը, փաստորեն, իշխանության գալու դեպքում
որպես պոտենցիալ երաշխավոր դիտարկում է պատասխանատվության այսպիսի մակարդակ ցուցաբերած
երկրին, որին մտադիր է վստահել 9 ամսական խաղաղությունը։ Առնվազն «իզվռաշչենեց»
պետք է լինես մոլագարին նորածին վստահելու համար։ Ինչ է ընդդիմության առաջարկածը,
եթե ոչ՝ զարհուրելի մանկասպանություն։
Հ. Մանուկյան