Վրաստանում առանց վիզայի ռեժիմը կդադարեցվի. ԵՄ դեսպան

Վրաստանը միակ ԵՄ թեկնածու երկիրն է, որը հետընթաց է գրանցել, ընդ որում՝ զգալի, ԵՄ անդամակցության ճանապարհին, հայտարարել է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նրա խոսքով՝ «այս փուլում Վրաստանը դեպի ԵՄ ճանապարհ չունի, եթե միայն պայմանները կտրուկ չփոխվեն»։


Վրաստանը «այժմ միայն անվանապես է թեկնածու երկիր»,  ասել է Կալլասը:


Միևնույն ժամանակ Կալլասը նշել է, որ փաստաթղթում ընդհանուր առմամբ դրական արդյունքներ են ցույց տվել չորս երկրներ՝ Ալբանիան, Մոլդովան, Չեռնոգորիան և Ուկրաինան։


Սերբիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Կոսովոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Թուրքիայի համար հեռանկարը անվանվել է «ոչ միանշանակ»։


Միաժամանակ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտարարել է, որ ԵՄ երկրները նախատեսում են մինչև նոյեմբերի վերջ համաձայնության գալ այն մեխանիզմի շուրջ, որը թույլ կտա դադարեցնել առանց վիզայի ռեժիմը: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը մինչև դեկտեմբերի վերջը կպատրաստի հատուկ հաշվետվություն այս հարցի վերաբերյալ։


Դիվանագետն այս մասին ասել է Եվրահանձնաժողովի 2025 թվականի ԵՄ ընդլայնման հաշվետվությանը նվիրված ճեպազրույցի ժամանակ։


«Ինչ վերաբերում է առանց վիզայի ռեժիմին, ինչպես մենք բազմիցս ասել ենք, և իմ ղեկավարները ևս ընդգծել են, այս հարցն այժմ ակտիվ քննարկվում է։ Մենք սպասում ենք, որ մեխանիզմի վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի մինչև ամսվա վերջ։ Իսկ դեկտեմբերի վերջին Եվրահանձնաժողովը կհրապարակի հաշվետվություն տարբեր երկրների, այդ թվում՝ Վրաստանի համար վիզային ռեժիմը դադարեցնելու վերաբերյալ։ Այս փաստաթղթի հիման վրա ԵՄ երկրները կորոշեն հետագա քայլերը՝ հաշվի առնելով զգալի հետընթացը, որը մենք նկատում ենք Վրաստանում»,- նշել է դիվանագետը։