Մի հատ անոնս, ու ամբողջ ցանցը թափ տվեց սպասումով. Նարեկ Կարապետյանի թիմի ձախողումն ու շեֆի մոտ արդարացումները

«Մի հատ անոնս, ու ամբողջ ցանցը թափ տվեց սպասումով»։


Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի հաղորդավար Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցն է ֆեյք օգտատիրոջը գցել այսպիսի սպասման մեջ։


«Մեդիանյուզը» գրել էր, որ 400 հազար դոլար է ծախսել Նարեկ Կարապետյանն այդ հարցազրույցը կազմակերպելու համար։ Որպեսզի չիմացողների համար պարզ լինի՝ Կարլսոնը հարցազրույցներ է անում հայտնի դեմքերի, երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի։ Հետսովետական այլ երկրի որևէ ղեկավարի կամ ընդդիմադիր հայտնի գործչի հետ նա հարցազրույց չունի արած։ Իսկ Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը հրաժարվել էր հարցազրույցից՝ Նավալնու մահից հետո։ Կարլսոնը հայտարարել էր, որ Ջոնսոնը նրանից 1 մլն դոլար է պահանջել՝ հարցազրույց տալու համար, չնայած Ջոնսոնի թիմը հերքել էր Կարլսոնի այդ հայտարարությունը։  


Եվ ահա, Նարեկ Կարապետյանի թիմն էլ հերքեց լուրը, թե վերջինս Կարլսոնին փող է տվել հարցազրույցի համար։ Եթե զոռ տանք տրամաբանությանը ու հավատանք Կարապետյաններին, որ փողով չեն կազմակերպել հարցազրույցը, համադրենք այն փաստի հետ, որ Պուտինից հետո Նարեկ Կարապետյանն է հետխորհրդային տարածաշրջանի ամենահետաքրքիր դեմքը Կարլսոնի համար, ապա կարելի է անգամ ենթադրել, որ Կարլսոնն ինքն է փող տվել Նարեկ Կարապետյանին՝ հարցազրույց ստանալու համար։


Ի դեպ՝ հարցազրույցը հաջորդ շաբաթ է հեռարձակվելու։ Մինչ այդ փոքրիկ անոնս է տեղադրվել։ Իսկ այդ տեսանյութի մի փոքր հատված Նարեկ Կարապետյանի մյուս ֆեյք երկրպագուհին տեսել է, ու «սիրտը խելագարվել էր»։



Հիմա Կարապետյանի ողջ թիմը լծվել է հարցազրույցից հետո մարդկանց արձագանքին արձագանքելու գործին։ Իսկ ո՞րն է Կարլսոնին հարցազրույց տալու իմաստը։ Ահա այստեղ է հարցը։ Միլիարդատեր օլիգարխները չեն հասկանում քաղաքականությունից, իսկ նրանց թանկարժեք թիմերը կա՛մ ուղղակի «կթում են» նրանց, կա՛մ էլ առաջնորդվում են դասագրքային ճշմարտություններով, մարքեթինգային գործիքներ են կիրառում, որոնք աղերս չունեն ռեալ քաղաքականության, հայաստանյան քաղաքական միջավայրի, տրամաբանության և որ ամենակարևորն է՝ Հայաստանի քաղաքացու հետ։ Այն, որ Կարլսոնը չէր կարող հետաքրքրվել Նարեկ Կարապետյանով, ոզնուն էլ հասկանալի է։ Հետևաբար պարզ է, որ Կարապետյանները մեծ ռեսուրսներ են ներդրել այն կազմակերպելու համար։ Իսկ ազդեցությո՞ւնը։ Հայաստանցի ընտրողների բացարձակ մեծամասնությունը չի հետևում Կարլսոնին, չի ճանաչում նրան, Նարեկ Կարապետյանի տված հարցազրույցը որևէ կերպ չի ազդելու ընտրողի վարքագծի վրա։ Սամվել Կարապետյանի քրեական գործի վրա էլ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը չի կարող ազդել։ Ասել է թե՝ այդ ողջ ռեսուրսը ծախսվել է բացարձակ անիմաստ։


Եվ ահա այդ ձախողումը Կարապետյանի փիառ թիմը պետք է արդարացնի։ Ամենայն հավանականությամբ իրենց փառահեղ միտքն է եղել կազմակերպել այդ հարցազրույցն ու այդքան ռեսուրսներ վատնելը։ Անիմաստ։ Հիմա պետք է շեֆին ասեն, որ դա անիմաստ չի եղել, աշխատելու է, որ քննադատողները «car en naxand»։


«Մեր ձևով» շարժման անդամներից սահմանադրագետ Գոհար Մելոյանն, օրինակ, իբր պատասխանելով ընդդիմադիր լրատվականներին կամ իշխանամետ քաղաքացիներին, իսկ իրականում «շեֆերի» մոտ արդարացնելով իրենց այդ փիառ քայլը (ձախողված), ազդարարում է, թե Կարլսոնը հարցազրույցների է հրավիրում մարդկանց, որոնց միջոցով  բացահայտում է թեմաներ, որոնց մասին սովորաբար լռում են։


Եվ այդ ինչի՞ մասին է լռ(վ)ում, որ Կարլսոնն էլ որոշել է Նարեկ Կարապետյանից հարցազրույց վերցնելով բացահայտել, աղաղակել։

Մելոյանը նկատում է նաև, որ Կարլսոնը փորձում է խոսել ղեկավարների հետ, ովքեր հազվադեպ են հարցազրույց տալիս արևմտյան մեդիային։ Նպատակը՝ լսել նրանց ուղիղ խոսքը, առանց միջնորդությունների և արևմտյան կամ ռուսական մեդիայի ձևավորած ֆիլտրերի. այլընտրանքային կարծիք՝ ձևավորված «մեդիա քառակուսուց» դուրս։



Համաձայնեք՝ սա ևս Կարապետյանների մասին չէ։

«Քարլսոնի թիմը փնտրում է այնպիսի հյուրերի, որոնց պատմությունները մտածելու տեղիք տվող են»,- գրել է Գոհար Մելոյանը։



Իսկ դուք պատկերացրեք, թե այս հարցազրույցից հետո «արևմտյան» քաղաքացիները ինչ մտածմունքների, ես կասեի՝ դեպրեսիայի մեջ են ընկել։ Վստահաբար, որոշների կյանքը փոխած կլինեն Նարեկ Կարապետյանի մտքի գոհարները։

Հավանաբար՝ սաղ արևմտյան քաղաքակրթությունը մի տեսակ միախառնված սպասում է առանց ձայնի։ Անգամ որոշները կարող են կռահած լինել Նարեկի խոսքն ու ինքնուրույն էմոցիա զգալ։

 


Ո՛չ, վերը նշվածը ChatGPT-ն չի գեներացրել։ Մեջբերել եմ Նարեկ Կարապետյանի մյուս ֆեյք երկրպագուհիների մեկնաբանություններից։



«Մեր ձևով» շարժման անդամ Անդրանիկ Գևորգյանն էլ, հավանաբար, հարցազրույց տալու փառահեղ գաղափարի «ծնողներից» է։ Ինքն էլ է ռեսուրսները վատնելու արդարացման գործին լծված հայտարարում, թե իշխանականների ճամբարը ցնցումների մեջ է։ Գևորգյանը, հավանաբար, «ցանցը սպասումով թափ տվեց» տողերի հեղինակ ֆեյքն է։ Նա հպարտորեն հայտարարում է՝ «պարոնա՛յք, դուք չեք տիրապետում իրավիճակին»։ Սա ասում է մի մարդ, ում թիմի ղեկավարը Հայաստանի ներքաղաքական խնդիրների թեմայով հարցազրույց է տվել ամերիկացի հեղինակավոր հաղորդավար Թակեր Կարլսոնին, որը զրո ազդեցություն է ունենալու Հայաստանում։


Բա իմանաք Նարեկ Կարապետյանն ինչ է ասել հարցազրույցի ընթացքում՝ սրտներդ կխելագարվի։ Բռնվեք, ցանցը չթափահարվի։ «Իմ կյանքի կարևորագույն գործերից մեկն ազգային-ազատագրական պայքարն է»։ Ահա սա մեջբերում է Կարլսոնի հետ Կարապետյանի հարցազրույցի անոնսից։


Դե ինչ՝ թողնում ենք ձեզ սպասումով։ Դուք ինքնուրույն էմոցիա զգացեք, մինչև մյուս շաբաթ վերջապես կհրապարակվի այդ անվճար հարցազրույցը։



Վոլոդյա Հակոբյան