Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով պաշտոնյաների հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջան-ԵՄ համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Բրյուսելի պատրաստակամությունն՝ աջակցելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Ադրբեջանի ԱԳ նախարարն էլ, իր հերթին, Մագդալենա Գրոնոյին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ կարգավորման գործընթացում ձեռք բերված առաջընթացը և հեռանկարները, ինչպես նաև նրան է փոխանցել Ադրբեջանի դիրքորոշումը։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ և տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։