Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, ըստ կարգի, հրապարակվել է նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանք՝ ըստ բանկերի կողմից տրամադրված տվյալների (2025թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ)։ ԿԸՀ-ի տեղեկանքի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հիմնադրամին կատարվել է 40 մլն դրամ մուտք, ելք՝ 34 մլն 912 հազար 891 դրամ։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից ստեղծված կուսակցության՝ «Առաջ» աջակենտրոն և ՀՅԴ կուսակցությունների ձևավորած «Հաղթանակ» դաշինքի հիմնադրամի մուտքը կազմել է 16 մլն 810 հազար դրամ, ելքը՝ 13 մլն 609 հազար 280 դրամ։ Այս դաշինքի ցուցակը, հիշեցնենք, գլխավորում է «Սաքուլիկ» մականունով հայտնի նախկին ՀՀԿ-ական Սևակ Խաչատրյանը։
Քոչարյանի փաստացի ղեկավարմամբ
գործող ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ղեկավարած
«Մայր Հայաստան»-ի ելքն ու մուտքն էլ կազմել են համապատասխանաբար 7 մլն 500 հազար դրամ
և 5 մլն 124 հազար դրամ։
Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած
«Հանրապետություն» կուսակցության հիմնադրամին
հաշվետու ժամանակաշրջանում տեղի է ունեցել 2 մլն դրամ մուտք, որից 932 հազարը ելք է
արվել, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցի «Ազատ դեմոկրատներ»-ի ելքն ու մուտքը
կազմել են 1 մլն դրամ և 883 հազար դրամ։ 1
մլն դրամ մուտք ու նույնքան էլ ելք է կատարվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի
գլխավորած «Հայրենիք» կուսակցության նախընտրական հիմնադրամին, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի
«Ժառանգություն» կուսակցության հիմնադրամին կատարված ելքն ու մուտքը կազմել են համապատասխանաբար 500 հազար դրամ և 487 հազար դրամ։ Միակ քաղաքական
ուժը, որի հիմնադրամին և ոչ մի լումա մուտք ու ելք չի եղել՝ պաշտպանության նախկին նախարար,
ՌԴ-ում ծվարած, ՀՀ-ում իշխանափոխություն անելու բոցաշունչ հրովարտակներով հանդես եկող
Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցությունն է։ Սա այն դեպքն է, երբ պետք
է ասել՝ «էս հալո՞վ են» հավակնում իշխանության։
Հիշյալ 8 քաղաքական ուժերի հիմնադրամների
ելքերն ու մուտքերը, նշենք, ընդհանուր առմամբ
կազմել են 68 մլն 810 հազար դրամ և 57 մլն 948 հազար 921 դրամ։
Հ.Գ. Ուսումնասիրելով մասնավորապես
«Հաղթանակ»-ի հիմնադրամի ելումուտի տվյալները՝ նկատեցինք, որ բոլոր մուտքերը կատարվել
են «Առաջ»-ի կողմից, ՀՅԴ-ի կողմից կատարվել
է միայն 5 մլն դրամի մուտք։ Մեկ այլ ուշագրավ
հանգամանք էլ՝ «Հաղթանակ»-ի 99-հոգանոց ընտրական ցուցակի առաջին համարը «Առաջ»-ի անդամ է, երկրորդը՝ անկուսակցական, երրորդ
և չորրորդ համարները նույնպես «Առաջ»-ականներ
են, և միայն 5-րդ համարը ՀՅԴ-ից է։
ՀՅԴ-ականները, նկատենք, ընտրական ցուցակում սակավաթիվ են, որոնցից մեկն էլ ինքնաբացարկ է հայտնել։ Այսպիսով
ի դեմս Սևակ Խաչատրյանի՝ վաղարշապատցի ընտրողին է ներկայանում քոչարյանական
ուժի քաղաքապետացուն, իսկ ՀՅԴ-ն, դաշնակցելով «Առաջ»-ի հետ, փորձում է սքողել նախկին
ՀՀԿ-ական Ս. Խաչատրյանի՝ «Ռոբի թեկնածու» լինելու անպատվությունը։
Հ. Մ.