Իրանը շահագրգռված է ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ Օմանի (Պարսից) ծոցի ջրային տարածքում գտնվող Չաբահար նավահանգստի զարգացման գործում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը՝ ամփոփելով նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի և Իրանի նավահանգիստների և նավագնացության կազմակերպության ղեկավար Սաեդ Ռասուլիի հանդիպումը:
Կողմերը քննարկել են Կասպից ծովով փոխադրումների ծավալների ավելացման հարցերը և նշել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Տրանսկասպյան երթուղով մուլտիմոդալ փոխադրումների զարգացման գործում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Առաջնահերթություններ են համարվել Կասպից ծովի նավահանգիստներ բեռների անխափան առաքման ապահովումը, ինչպես նաև նավահանգիստներին մոտ գտնվող երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքների զարգացումը:
«Իրանական կողմը շահագրգռված է Պարսից ծոցի Չաբահար նավահանգստի զարգացման գործում ռուսաստանյան ընկերությունների մասնակցությամբ», - ասված է ՌԴ տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ: