Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովին, նշել է, որ պաշտոնական հրավեր չի ստացվել, ուստի՝ բարձր մակարդակի մասնակցությունը քիչ հավանական է թվում։ Այս մասին, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
«Ընդհանուր առմամբ՝ կցանկանայի նշել, որ ԵՀՔ ձևաչափի առանձնահատկությունն այն է, որ երկրները ներկայացված են միջոցառմանը բացառապես պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- հավելել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի խոսքվ՝ գագաթնաժողովները կարևոր են քաղաքական երկխոսության ամրապնդման, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում համագործակցության զարգացման, տնտեսական ինտեգրման և գլոբալ մարտահրավերներին արձագանքելու համար։
Նա կրկին հայտարարել է, թե Ադրբեջանը բազմիցս լուրջ մտահոգություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ, որը «հակասում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին»։
Նրա խոսքով՝ Բաքուն պնդել և հասել է նրան, որ ադրբեջանա-հայկական սահմանին երրորդ կողմի ուժերի տեղակայման արգելքը ներառվի որպես խաղաղության համաձայնագրի հիմնական դրույթ։
«Երրորդ կողմի ուժեր ասելով մենք, ի թիվս այլ բաների, նկատի ունենք նաև Եվրամիության առաքելությունը։ Հայաստանը տեղյակ է մեր դիրքորոշման մասին։ Մենք հույս ունենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը կկատարի իր պարտավորություններն այս հարցում», – նշել է Հաջիզադեն։