Ուշագրավ հետևություններ են բխում արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի բարձրաձայնումներից. Սաֆարյան

ՄԱՀՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 


Ուշագրավ հետևություններ են բխում արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած 2 տարիների մասին Ադրբեջանի ԱԳ նախարարի բարձրաձայնումներից։ Բայց մինչ հետևություններն արձանագրելը արժե մեջբերել այն, ինչ պատմել է Ջեյհուն Բայրամովը։ Ստորև շարադրվող մեջբերումը վերցվել է Փաստֆոյից։ 


---

«Ադրբեջանական İTV հեռուստաալիքով ցուցադրվել է «Təmas Xətti» («Կոնտակտային գիծ») հաղորդման նոր թողարկումը, որտեղ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մանրամասն ներկայացրել է 44-օրյա պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում տեղի ունեցած հիմնական դրվագները, գաղտնի դիվանագիտական բանակցությունները և կարևոր մանրամասները։


«Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին իշխանության գալը որոշակի հույսեր էր առաջացրել։ Դա նոր մարդ էր, նախկին իշխանական թիմի անդամ չէր։ Ի տարբերություն նախկին «ռազմական հանցագործների»՝ նա այն անձը չէր, որը արյուն էր թափել ադրբեջանցիների նկատմամբ։ 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում, ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում կայացավ նրա առաջին հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։ Այդ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը, դիմելով Փաշինյանին, ասել է․ «Մենք պետք է լուծենք այս հարցը։ Սա անվերջ չի կարող շարունակվել։ Մենք դա չենք ընդունի։ Ադրբեջանի «օկուպացված» տարածքները պետք է «ազատագրվեն»։ Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք էր բերվել համաձայնություն՝ երկու երկրների միջև «թեժ գծի» (оперативная связь) ստեղծման մասին։ Հայկական կողմից նշանակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ադրբեջանական կողմից՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրհան Սուլթանովը։ Այսպես 2018-ին ձևավորվեց «թեժ գիծը»։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ընդունում էր, որ դա ամենակայուն և ամենախաղաղ ժամանակաշրջանն էր սահմանին։ Դա որոշակի հույս էր ներշնչում։


2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում կայացավ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հերթական հանդիպումը՝ առաջին հանդիպումից մոտ վեց ամիս անց։ Այդ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխեց իր դիրքորոշումն ու խոսելաոճը՝ բացահայտ հայտարարելով, որ ինքը չի կարող և չի պատրաստվում լուծել այդ հարցը։ Նա նույնիսկ նման բացատրություն էր տվել՝ «Եթե ես դա անեմ, ինձ կսպանեն»։ Եվ նա Ալիևին տվել էր հռետորական հարց․ «Դուք ուզո՞ւմ եք, որ ինձ սպանեն»։ Ալիևը պատասխանել էր, որ ինքը ոչ ոքի մահ չի ցանկանում, սակայն դա չի նշանակում, թե ադրբեջանական հողերը կարող են մնալ օկուպացիայի տակ։


2018–2020 թվականներին պատրաստվել էր բավականին ծավալուն փաստաթուղթ՝ վերաբերվող Հայաստանի ռազմական-քաղաքական ղեկավարության կողմից իրականացված սադրանքներին։ Եվ ինչպես նախապատերազմական շրջանում, այնպես էլ պատերազմի օրերին, այդ փաստաթուղթը ներկայացվել էր օտարերկրյա դիվանագետներին և գործընկերներին։ Վիեննայի հանդիպումից (մարտի 29) անմիջապես հետո՝ մարտի 30-ին, այն ժամանակվա Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանը ԱՄՆ-ում` հանդիպելով հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ, օգտագործեց հայտնի արտահայտությունը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։

2019 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում հանդես եկավ հայտարարությամբ՝ շրջանառության մեջ դնելով «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։


Օգոստոսի 6-ից 17-ը Ղարաբաղում առաջին անգամ պատմության մեջ անցկացվեցին համահայկական խաղեր, որոնց բացմանը և մի շարք միջոցառումներին մասնակցեց նաև վարչապետը։ 2020 թվականի հուլիսի 10-ին հրապարակվեց Հայաստանի նոր ազգային անվտանգության հայեցակարգը, որտեղ արձանագրված էր, որ Առաջին Ղարաբաղյան պատերազմի արդյունքները համարվում են Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս։ Դրանից կարճ ժամանակ անց՝ հուլիսի 12–16-ին, տեղի ունեցան Տավուշյան ուղղությամբ «սադրանքներ»։ Դրանցից անմիջապես հետո ցուցադրաբար պարգևատրվեցին այդ «սադրանքին» մասնակցած զինծառայողները, այդ թվում՝ նրանք, ովքեր ներգրավված էին գեներալ Պոլադ Հաշիմովի «սպանության» մեջ»։


Հուլիսի 23-ին Հայաստանի վարչապետը բանակցային գործընթացում առաջ քաշեց յոթ լրացուցիչ պայման, որոնք բոլորն անընդունելի էին։


Դրանցից մեկը հետևյալն էր՝ եթե Ադրբեջանը ցանկանում է քննարկել այս թեման, ապա պետք է բանակցի ոչ թե Հայաստանի, այլ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հետ։ Դա նշանակում էր երկարամյա բանակցային գործընթացի փլուզում»:


-----


Եվ, ահա, պարզվում է՝ Դուշամբեի "վերելակային պայմանավորվածությունները" վերաբերել են միայն "թեժ գիծ ստեղծելուն"։ Ուրիշ ոչինչ։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ինչ համաշխարհային ստեր էին հորինում Քոչարյանի ու Սարգսյանի խմբակները, լրատվամիջոցները այդ հանդիպման մասին․ անխտիր, 20 և ավելի լրատվամիջոցներ ամնօրյա պնդում էին, թե Դուշանբեում Նիկոլ Փաշինյանը դավաճանաբար հանձնել է հողերը, և ընդհանրապես, նա իշխանության է եկել / բերվել հողերը հանձնելու համար։ Այդ ժամանակաշրջանում անգամ ամեն օր ֆեյսբուքում մարդիկ կատակում էին, անգամ հատուկ էջ էր բացվել նման կատակների համար, որտեղ օգտատերերը հեգնում էին՝ այսօր էլ հողերը չհանձնեց․․․ Հիշո՞ւմ եք Սերժ Սարգսյանի թիմակից Լիկա Թումանյանի հայտնի գրառումը հողերը վերադարձնելու թեմայով։ Հիշո՞ւմ եք հաջորդած բուռն քննադատությունները․․․ Մինչդեռ պարզվում է, մինչև ընդհուպ 2019-ի Վիեննայի հանդիպումը Նիկոլ Փաշինյանը մանյովրել է, ապա խստացրել պահանջները՝ նշելով, որ Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի հետ․․․ Բա ասում էիք՝ «Նիկոլ Փաշինյանը իր կետի՞ց է բանակցել»: Հիշեցնենք, որ 2016թ․ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ինքը՝ Սերժ Սարգսյանը առաջադրեց այս պայմանը, որ Ադրբեջանը պետք է բանակցի ԼՂՀ-ի հետ․․․ Ասել է թե՝ Նիկոլ Փաշինյանը ընդամենը կրկինել է Սերժ Սարգսյանի վաղեմի կետը և ոչ մի նոր բան չի մոգոնել․․․


Իսկ այդ ընթացքում, թոկը իշխանության վիզը գցած քոչարյանասերժական խմբակները սաստկացնում էին Փաշինյանի ու նրա թիմի հանդեպ մեղադրանքները արացախապատկան, ազատագրված հողերը վերադարձնելու համար։ Եվ, ահա, արդյունքը․ՊՆախարար Տոնոյանը հայտարարում է՝ "նոր պատերազմ, նոր տարածքներ"։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արեց այն, ինչ պահանջում էր ռեվանշիստների խմբակը՝ կարծրացնել  Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և թշնամուն չզիջել։ Արդյո՞ք եղել են ծափահարություններ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմից, երբ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը իրենց ճնշմամբ դարձվեց "հողերը չվերադարձնելն" ու "նոր հողեր գրավելը"։ Ոչ։ Ծափահարություններ չեն եղել, որքան էլ որ իրենք անպատկերացնելի փողեր էին դրել քարոզչության մեջ, որպեսզի թույլ չտրվի Արցախի շրջանների հանձնումը, ինչը պահանջում էր Ալիևը․․․ 


Ավելին, պարզվում է՝ ի պատասխան թշնամու պահանջատիրության, Փաշինյանը նույնիսկ ասել է, որ Հայաստանի Հանրապետության անունից հողերը հանձնողը կարող է սպանվել․․․ Ավելին, Փաշինյանը միամտություն է ունեցել հավատալու, որ եթե ինքը կտրականապես գնա կոշտ դիրքորոշման հստակեցման, ապա այդ առումով Հայաստանում և Արցախում կա լայն քաղաքական-հասարակական կոնսենսուս՝ պահել հողերը ամեն գնով․․․ Բայց արի ու տես, տմարդիների խմբակը հենց պատերազմի կեսերից սկսեց թիկունքից հարվածներն ու դավաճանությունների շքերթը առաջնագծում։ Իսկ պատերազմից հետո էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե եթե ինքը մնացած լիներ իշխանության, ապա կիրականացներ Լավովի պլանը, այսինքն՝ կվերադարձներ հողերը․․․ Նույնը՝ Ռոբերտ Քոչարյանը, իսկ երկուսով էլ իրենց խմբակներով ու քարոզչամեքենաներով մեղադրելով "անտեղի 5000 հայի գլուխ ուտելու" մեջ․․․  Բարոյականություն եմ, էհ, ասել․․․ Ավելին, սկսեցին մեղադրել Հայաստանին Ադրբեջանին սադրելու մեջ, իսկ պարզվում է՝ նրանց զուգահեռ Ադրբեջանն է տեղեկանք պատրաստել ու միջազգային հանրությանը ներկայացրել Հայաստանի սադրանքների մասին․․․ Իսկ եթե դրանք սադրանք էին, ապա այդ սադրանքների հարուցիչները քոչայնասերժական խմբակն էր․․․ Այսինքն, այստեղ էլ նրանք սինխրոն են գործել Ալիևի ռեժիմի հետ ու Հայաստանին մեղադրելով սադրիչ ու պատերազմի սանձազերծողը լինելու մեջ․․․


Ու նրանք մեզ ղեկավարել են «հանուն Արցախի խնդրի» լուծման․․․


Որքան ինֆորմացիան շատանում է, խելագարվում ես․․․