«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հանդես է եկել պարզաբանումով, ըստ որի սոցցանցերում անդրադարձել են Տ-3-4/Տ-3-44/-Ամբերդ (Տ-3-36) կմ0+000-կմ2+000 մարզային(տեղական) ավտոճանապարհի նորոգման աշխատանքներին:
Հրապարակման մեջ կատարված եզրահանգումները աղերս չունեն իրականության հետ, եւ լավ կլիներ, որպեսզի լրագրողը մինչ համապատասխան տեսանյութը հանրայնացնելը կապվեր շինարարի կամ պատվիրատուի հետ՝ շինաշխատանքների հետ կապված մանրամասները պարզելու համար։
Ճանապարհի միջին նորոգումը կատարվում է շիննորմերին համապատասխան։ Շինարարությունն ընթանում է ըստ նախագծի, համաձայն որի՝ վերին շերտի ֆրեզավորում նախատեսված է ոչ ամբողջ ճանապարհի երկարությամբ։ Տեսանյութում առկա տեղամասում կատարվել է փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ, այնուհետեւ՝ ասֆալտբետոնե նոր ծածկ։
Բարեխիղճ լրագրությունը հավաստի տեղեկություն հաղորդելն է եւ ոչ թե միտումնավոր կամ տեղեկատվության պակասի պատճառով հանրությանը մոլորեցնելը։