Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2026 թվականի սկզբին կհայտարարի Օլիմպիական խաղերի կանանց մրցումներին տրանսգենդերների մասնակցության արգելքի մասին։ Հավանաբար, սահմանափակումները կտարածվեն նաև սեռական զարգացման խախտումներ ունեցող մարզիկների վրա, ինչպիսին է բռնցքամարտիկ Իման Հելիֆը։ Այս մասին գրում է The Times-ը։
Անցյալ շաբաթ Լոզանում ՄՕԿ-ի բժշկական և գիտական հարցերով կոմիտեի ղեկավար Ջեյն Թորնթոնը ներկայացրել է հետազոտության նախնական արդյունքները, որը հաստատում է, որ տղամարդ ծնվածների ֆիզիկական առավելությունները պահպանվում են նույնիսկ թեստոստերոնի մակարդակը իջեցնող դեղորայքի ֆոնին։
«Դա շատ գիտական, փաստական և անկողմնակալ ներկայացում էր, որը բավականին հստակորեն ներկայացնեց ապացույցները»,- հայտնել է թերթի աղբյուրը։
2021 թվականին ՄՕԿ-ը միջազգային ֆեդերացիաներին էր վերապահել նման մարզիկներին մրցումներին թույլատրելու իրավունքը։ Մի շարք ֆեդերացիաներ, ինչպիսիք են World Athletics-ը և World Aquatics-ը, արդեն իսկ փաստացի արգելել են նրանց մասնակցությունը կանանց մրցումներին։