Մերձավանում կրքերը չեն հանդարտվում։ Ստեղծված իրավիճակի վրա շարունակաբար յուղ են լցնում սպանված Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամներն ու մտերիմները։ Նրանց գլխավորությամբ ու կազմակերպմամբ համայնքում պարբերաբար կրքեր են թեժանում, գյուղացիները հավաքվում են՝ պահանջում Ախտոյաններին հեռացնել, վտարել համայնքից։ Այս մարդկանց պատկերացումները առնվազն 1900-ական թվականների առաջին կեսերի են, երբ կարելի էր ամբողջ ընտանիքների քշել գուլագներ, վտարել, աքսորել։
Ինչպե՞ս կամ ինչո՞ւ պետք է կառավարությունը որոշի Ախտոյաններին
աքսորել, կամ ու՞ր պետք է աքսորի, կամ ի՞նչ հիմքով ու տրամաբանությամբ։
Օրերս կայացած բողոքի ակցիայի ընթացքում, որտեղ պահանջում էին
Ախտոյաններին հեռացնել համայնքից, մասնակցում և բողոքի ակցիան գլխավորում էր Վալոդյա
Գրիգորյանի հարազատ հորեղբայրը՝ Ռուբեն Գրիգորյանը։ Ի դեպ՝ Վալոդյա Գրիգորյանի հայրը՝
Լևոն Գրիգորյանը նախկինում եղել է Մերձավանի գյուղապետը։
Դավիթ Ախտոյանը՝ ի պատասխան, Civic.am-ի հետ զրույցում ասաց,
որ Մերձավանը տարիներ շարունակ թալանած Գրիգորյանները հիմա իրենց դռան առաջ կանգնած
պահանջում են իրենց հեռացնել համայնքից՝ համայնքում վախի մթնոլորտ տարածելով։ Ախտոյանը
հիշեցրեց, որ 2018 թվականին Լևոն Գրիգորյանը ընդամենը 100 հազար դրամով համայնքին պատկանող
լիճը օտարել է իր եղբորը՝ նույն Ռուբեն Գրիգորյանին։ Ընդ որում՝ 2018-ի օգոստոսի
17-ի ավագանու նիստում այդ հարցին դեմ է քվեարկել ավագանու անդամներից միայն Դավիթ
Ախտոյանը։ Բացի դա՝ նա հիշեցրեց, որ թե՛ Լևոն Գրիգորյանը, թե՛ Պայքար Գրիգորյանը անցնում
են քրեական գործերով։ Եվ ահա քրեական գործերի մեջ թաթախված, համայնքը թալանած մարդիկ
պահանջում են, որ իրենք՝ Ախտոյանները լքեն Մերձավանը։
Փետրվարին կայացած դեպքին էլ, երբ սպանվեց Ախտոյանների հարազատը,
առնվազն մասնակցություն են ունեցել Գրիգորյանները։ Պայքար Գրիգորյանը եղել է Ախտոյանների
տան վրա հարձակվողներից մեկը և հիմա անցնում է քրեական գործով։
Ի դեպ՝ ընդդիմադիր մամուլը փորձում է դեպքին քաղաքական աստառ
տալ՝ իբր Վալոդյա Գրիգորյանին սպանել են որպես ընդդիմադիր քաղաքապետի և փորձում են
հերքել իրավապահների վարկածը՝ վենդետան։