Մհեր Գրիգորյանը և Շվեյցարիայի դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին ու «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին:


Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:


Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Շվեյցարիա երկկողմ համագործակցության հնարավոր նոր ուղղությունները: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ երկու երկրների համատեղ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը:


Մհեր Գրիգորյանն ընդգծել է Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի հետ համագործակցությամբ Գյումրիում Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել տարիներ շարունակ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի համար:


Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին ու Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը՝ կարևորելով տարածաշրջանային կապակցվածությանն ամրապնդելու ուղղությամբ գործադրվող ջանքերը: