Ռուսական «Իսկանդեր»-ի բեկորներն ընկել են Կիևում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա. Զելենսկի

Կիևի վրա Ռուսաստանի գիշերային գրոհի ժամանակ «Իսկանդեր» հրթիռի բեկորներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա, գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Х սոցցանցում։


«Երեկ գիշերվանից մեր արտակարգ օգնության ծառայությունները աշխատում են ռուսական հարվածների վայրերում։ Այս պահին հայտնի է տասնյակ վիրավորների մասին, որոնց թվում են երեխաներ և մեկ հղի կին։ Ցավոք, չորս մարդ մահացել է։ Ցավակցություն եմ հայտնում նրանց ընտանիքներին և մտերիմներին։ Գրոհի ժամանակ օգտագործվել է մոտ 430 դրոն և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աէրոբալիստիկ։


Դա եղել է կանխամտածված գրոհ՝ նախատեսված մարդկանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելու համար: Միայն Կիևում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել: Ադրբեջանի դեսպանատունը հարված է ստացել «Իսկանդեր» հրթիռի բեկորներից:


Հարվածի հիմնական թիրախը Կիևն էր, հարվածներ են հասցվել նաև Կիևի, Խարկովի և Օդեսայի մարզերին: Նախնական տեղեկություններով՝ ռուսները այսօր առավոտյան Սումիի մարզում օգտագործել են «Ցիրկոն» հրթիռ: Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն արդեն զեկուցել է տեղում փրկարարական աշխատանքների ընթացքի մասին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր օգնում են մեր մարդկանց: Օդուժի հրամանատար Անատոլի Կրիվոնոժկոն նույնպես զեկուցել է մեր ՀՕՊ աշխատանքի արդյունքների մասին: Շնորհակալություն եմ հայտնում մեր զինվորականներին իրենց արդյունավետ գործողությունների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: