Վարչապետի գլխավորությամբ պետական կառավարման համակարգում արդյունավետության խթանմանն առնչվող հարցեր են քննարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության շրջանակում պետական կառավարման համակարգում կատարողականի գնահատման և դրա հիմքով խրախուսման պիլոտային ծրագրի նախագծին վերաբերող հարցեր:


Ներկայացվել է, որ ծրագիրն ուղղված է լինելու հանրային ծառայության համակարգի մրցունակության բարձրացմանը, ինստիտուցիոնալ արդիականացմանը, կատարողականի գնահատման միջոցով պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Մանրամասներ են ներկայացվել պիլոտային ծրագրի սկզբունքների, շրջանակի և շարունակականության վերաբերյալ: Ընդգծվել է, որ պիլոտային ծրագրի եզրակացությունները հիմք կդառնան 2026 թ․ ընթացքում օրենսդրական վերանայումների համար:


Խորհրդակցության մասնակիցները ծրագրի վերաբերյալ ներկայացրել են տարբեր դիտարկումներ, տեսակետներ ու առաջարկություններ:


Վարչապետը կարևորել է պետական կառավարման համակարգում մարդկային ռեսուրսների ու կարողությունների բարելավմանն ուղղված քայլերը և այս համատեքստում ընդգծել որակավորման բարձրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Քննարկման արդյունքներով՝ երկրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է հնչեցված առաջարկությունների հիման վրա լրամշակել նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը։