Նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Advanced Micro Devices (AMD) ամերիկյան խոշորագույն ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։ Այդ մասին ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը մասնակցել են ընկերության ծրագրային ապահովման զարգացման ավագ տնօրեն Խանգ Դաոն, Ծրագրային ապահովման զարգացման տնօրեն Մեհրդադ Էսլամի Դեհկորդին, ներմուծման և արտահանման ավագ մենեջեր Ջեյմս Չիկը, միջազգային կապերի և համագործակցության գծով տնօրեն Գրանթ Գարդները։

Հանդիպմանը տեսակապով միացել է Դեն Գիբոնսը՝ ընկերության ինժեներիայի գծով փոխնախագահը, որը նաև պատասխանատու է Հայաստանում AMD-ի գործունեության համար։
Քննարկվել են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու հնարավորությունները։ Հանդիպմանն ընդգծվել է, որ օգոստոսին ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև ստորագրված ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը նոր հնարավորություններ է ընձեռում AMD-ի հայ մասնագետների գիտելիքներն ավելի արդյունավետ կիրառելու համար»,- նշված է գրառման մեջ։