Գենդերային հավասարության հարցերով ՄԱԿ Բարեկամների խմբի շրջանակներում ՄԱԿ ԳԱ նախագահի հետ հանդիպմանը ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել ռազմավարություններում և ինստիտուցիոնալ մշակույթում գենդերային հավասարության ապահովմանը։
Նշվել է, որ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանին Հայաստանը, Էստոնիայի, Ֆրանսիայի, Կոստա Ռիկայի, Չիլիի, Ճապոնիայի և Քենիայի հետ համատեղ, նախաձեռնել է թվային տեխնոլոգիաների և կանանց ու աղջիկների իրավունքների վերաբերյալ հայտարարություն՝ կոչ անելով կոնկրետ գործողություններ ձեռնարկել թվային քաղաքականության և արհեստական բանականության ձևավորվող շրջանակներում գենդերային հարցերը ներառելու նպատակով:
Շեշտվել է, որ գենդերային հավասարությունը միայն թվերի մասին չէ, այլ կանանց ձայնի իրավունքի, ինչպես նաև խաղաղության, թվային փոխակերպման, կլիմայական գործողությունների և կառավարման գործընթացներում կանանց բովանդակային մասնակցության: