Fip.am-ը գրում է․ TikTok սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութում պնդում է արվում, թե Վաղարշապատի թիվ 14/5 ընտրատեղամասում քվեաթերթիկներ են «լցոնել քվեատուփի մեջ»։
Տեսանյութի հեղինակը նման պնդում անելիս հիմնվում է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահի՝ քվեատուփի ճեղքի վրա ամրացված կարմիր թելը քաշելով հանելու գործողության վրա՝ այն մկրատով կտրելու փոխարեն։
Հեղինակը պնդում է՝ կարմիր թելը կապված չէր, ինչը նշանակում է, որ քվեատուփը բաց է եղել, և լցոնում է արվել։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է նշված ընտրատեղամասի ուղիղ հեռարձակումն ու ընտրական օրենսդրությունը և պարզել, որ պնդումը կեղծ է։
ՀՀ ընտրական օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանում է, որ հանձնաժողովի նախագահը միայն փակում է քվեատուփի ճեղքը, խոսք չկա թել անցկացնելու կամ թելը կապելու մասին։

Փաստացի, ըստ օրենքի՝ հանձնաժողովի նախագահը պարտավոր է միայն փակել քվեատուփի ճեղքը, ոչ ավելին։ Հետևաբար, տեսանյութում հանձնաժողովի նախագահի արարքը ընտրախախտում չէ, իսկ քվեատուփի ճեղքի չկապված թելը լցոնումների պնդման հիմք չէ։
Վաղարշապատի թիվ 14/5 ընտրատեղամասից ուղիղ հեռարձակում է ապահովվել նոյեմբերի 15-ից՝ ընտրությունների նախորդ օրվանից, մինչև քվեարկության ամփոփման ու ընտրական հանձնաժողովի աշխատանքի ավարտը։
Փաստացի, ընտրատեղամասի քվեատուփն ամբողջ գործընթացի ընթացքում եղել է տեսախցիկների հսկողության ներքո, որոնք լցոնումներ չեն արձանագրել։
Միևնույն ժամանակ, տեսանյութում քվեարկության ավարտին (ժամը 20:00-ից սկսած) հաջորդած դրվագներում (ուղիղ հեռարձակման 33-րդ ժամից սկսած) հստակ երևում է հանձնաժողովի նախագահի՝ քվեատուփի ճեղքը փակելու գործողությունը։ Այդ պահից մինչև նախագահի կողմից քվեատուփի բացելը որևէ կասկածելի գործողություն չի արձանագրվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում