Հայաստան-Նորվեգիա համագործակցություն․ քննարկվել են կլիմայական և բնապահպանական համատեղ ծրագրերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նորվեգիայի շրջակա միջավայրի և կլիմայի նախարար Անդրեաս Էրիկսենին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 


Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են երկու երկրների միջև բնապահպանական ոլորտում համագործակցության շարունակական ընդլայնմանը, ներառյալ կենսաբազմազանության պահպանության, կլիմայական կայունության և բնապահպանական ռիսկերի նվազեցման ուղղությամբ համատեղ նախաձեռնություններին։


 

Քննարկել են արդեն իսկ իրականացվող ծրագրերի ընթացքը և մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն փոխգործակցության արդյունավետությունն ու երկարաժամկետ կայունությունը։


 

Հայաստանի և Նորվեգիայի համագործակցությունն ունի ամուր հիմք, որի կարևոր փուլերից մեկն էր 2025 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում ստորագրված համագործակցության հուշագիրը։


 

Պարոն Էրիկսենի հետ վերահաստատվել է պատրաստակամությունը` շարունակելու սերտ համագործակցությունը և համատեղ քայլերի ձեռնարկումը՝ բնապահպանական մարտահրավերներին համարժեք արձագանքելու, գիտական ներուժը զարգացնելու և միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգն առավել արդյունավետ ներկայացնելու համար։