ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը նոյեմբերի 19-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում համանախագահել է Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
«Տնտեսական և ոլորտային համագործակցության տեսանկյունից մեր հարաբերությունները ընդգրկում են լայն ոլորտներ՝ առևտուր, կապիտալի շուկաներ, տնտեսական բարեփոխումներ, գյուղատնտեսություն, նորարարություն, տրանսպորտ, շրջակա միջավայրի պաշտպանություն, առողջապահություն և այլն։ Մենք վստահ ենք, որ այսօրվա նիստը կօգնի ոչ միայն ամրապնդել արդեն մեկնարկած ծրագրերը, այլև բացել նոր հնարավորություններ»,- նշել է Անուշիկ Ավետյանը։
Իր ելույթում նախարարի տեղակալն անդրադարձել է կապիտալ շուկաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և կանաչ տեխնոլոգիաների, ներդրումային և ինովացիոն միջավայրի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում Հայաստանի և Լեհաստանի միջև համագործակցության հեռանկարներին։
Անուշիկ Ավետյանը նշել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրման փաստը, որը բացել է իրական հնարավորություն՝ երկարատև խաղաղության, կայունության և տնտեսական համագործակցության համար։
Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը հանդիսանում է այդ դրական շարժման շարունակությունը՝ առաջին քայլերը վերածելով անվտանգ, արդյունավետ և փոխշահավետ կապուղիների լայնածավալ ցանցի, որը կնպաստի տարածաշրջանային բարեկեցությանը և նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հարևան երկրների, Լեհաստանի և ԵՄ անդամ երկրների համար։