Աստանայում Մեսրոպ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է. Ժաննա Անդրեասյան

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի կենտրոնական փողոցներից մեկը կոչվեց Մեսրոպ Մաշտոցի անվամբ: Փողոցի բացման հանդիսավոր արարողությունն այսօր տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինի, մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ:


Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ Մաշտոցի փողոցի բացումը հայ-ղազախական մշակութային կրթական կապերի խորացման նոր սկիզբ է: «Լեզուն, գիրը, մշակույթը ամուր կամուրջներ են, որ միավորում են մարդկանց՝ անկախ սահմաններից ու հեռավորությունից»,- ընդգծել է Հայաստանի կրթության նախարարը:


Աիդա Բալաևան էլ նշել է, որ Մաշտոցի փողոցը հայ-ղազախական բարեկամության նոր խորհրդանիշ է: Նա համոզմունք է հայտնել, որ կինեմատոգրաֆիայի, գրադարանային և թանգարանային ոլորտներում այսօր ստորագրվող գործակցության հուշագրերը կնպաստեն երկու ժողովուրդների էլ ավելի մերձեցմանը: